Լեհաստանում ճանաչված գեղանկարիչ նկարիչ, Գդանսկի հայկական միության նախագահ Գագիկ Պարսամյանը (լուսանկարում), որը վերջերս Լեհաստանի Հանրապետության Նախագահ Անջեյ Դուդայի կողմից պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի Ասպետական Խաչ մեդալով, այս օրերին Հայաստանում է: Նա Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց իր այցի նպատակների մասին: «Առաջիկայում չորս հայ նկարիչներ մասնակցելու են Գդանսկում կազմակերպվող նկարչական պլեներին, որը կազմակերպում է Լեհաստանի նկարիչների միությունը, Գդանսկի հայկական միությունը եւ տեղի Դերասանների հյուրանոցը»,-ասաց գեղանկարիչը:
Նա հավելեց, որ ամեն ինչ արել են, որ միջոցառումը տեղի ունենա հայ-լեհական հարաբերութունների հաստատման, երկու ժողովուրդների բարեկամության 650-ամյակի տոնակատարությունների շրջանակում:
Գագիկ Պարսամյանը բազմաթիվ միջոցառումների թվում Լեհաստանի հայերի կյանքում իրադարձություն է համարում քաղաքի ամենահայտնի փողոցներից մեկում Գդանսկի հայկական միության բացումը, որը փոքրիկ Հայաստան է հիշեցնում:
«Օգոստոսի 13-ին Գդանսկի քաղաքապետարանի շատ գեղեցիկ ժեստ արեց, որը վերաբերում էր 650-ամյակին եւ Գդանսկի ամենագեղեցիկ փողոցներից մեկում` Մարիացկայում տեղ հատկացվեց Գդանսկի հայկական միության նստավայրի համար: Այս տարվա սեպտեմբերի 13-ին պաշտոնապես բացումը կայացավ, որին մասնակցում էին ծովափնյա մարզի ղեկավարությունը, մարզպետը, քաղաքապետը, այլ բարձրաստիճան հյուրեր: Հրաշալի հնարավորություն է ընձեռվել մեզ, որ հայկական մշակույթը ճիշտ ներկայացնենք: Կնշվեն ինչպես լեհական, հայկական հիշատակի օրերը, տոները, այնպես էլ այլ միջոցառումներ, կլինեն ճանաչողական ֆիլմերի ցուցադրություններ, երաժշտության դասեր: Արդեն սկսվել են հայերենի ուսուցման դասընթացներ մեծահասակների համար, որոնց հիմնականում լեհեր են հաճախում: Ընդ որում, հայերեն սովորողների մեջ բավականին բարձր դիրք ունեցող լեհեր կան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գագիկ Պարսամյանի հետ հարցազրույցի մանրամասները տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում: