Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թիվ 9 մանկական պոլիկլինիկայում վերջին շրջանում տնօրենի պաշտոնում ոչ ոք երկար չի մնում: Այստեղ կարճ ժամանակաշրջանում արդեն հասցրել են 4-րդ անգամ տնօրեն փոխել: Բայց որքան էլ տնօրեններ են փոխվում, պոլիկլինիկայի վիճակը չի բարելավվում:
Մանկական այս պոլիկլինիկա մուտք գործելիս թվում է, թե բարեկարգ բուժհաստատություն ենք մտել, սակայն տպավորությունը փոխվում է հենց բարձրանում ենք 2-րդ հարկ: Այստեղ կոսմետիկ վերանորոգում է արվել միայն առաջին հարկում, որտեղ մատենագրության բաժինն է, իսկ արդեն 2-րդ հարկում, որտեղ փոքրիկներին բժշկական ծառայություն պետք է մատուցեն առանձին սենյակներում, մեղմ ասած՝ կիսաքանդ վիճակ է:
«Առավոտին» դիմած մի քանի ծնողներ, որոնց երեխաները նշված պոլիկլինիկայում են սպասարկվում, պատմում են, որ արդեն մի քանի տարի է՝ բուժանձնակազմը վստահեցնում է, որ շուտով վերանորոգում է լինելու, եւ երեխաներին կսպասարկեն բարեկարգ սենյակներով բուժհաստատությունում. «Բայց ոչ մի բան էլ չի արվում: Պատերի ծեփերը խոնավությունից թափվել են, մի քանի տեղ էլ պատերը մեծ ճաքեր ունեն: Սառն ու անհարմար տեղ է, երեխաներին տանելու տեղ չէ: Ինչպե՞ս կարելի է երեխաներին բուժել կամ հետազոտել էդպիսի քանդված պոլիկլինիկայում»:
Մեկ այլ ծնողի պատմելով՝ իր 1,5 տարեկան փոքրիկին 2 օր առաջ տարել էր բուժզննության, սակայն այդ սենյակում դրված էին հին, կեղտոտ ու փոշոտ խաղալիքներ. «Ու ուզում էին էդ խաղալիքներով երեխայիս զբաղեցնեին, շեղեին, որ լաց չլիներ: Ես թույլ չտվեցի ու ասացի, որ լավ կլինի ընդհանրապես խաղալիք չլինի: Միջանցքներում դրված են քանդված ու պոկռտված, քրքրված, կեղտոտ նստարաններ ու բազմոց: Ոչ ոք չի ցանկանա նստել այդ բազմոցին կամ նստարաններին: Մինչդեռ այնտեղ հերթեր են, ու երկար պիտի սպասենք՝ մինչեւ մեր հերթը գա»: Մյուս ծնողն էլ պատմեց, որ իր երկու երեխաներին այդ պոլիկլինիկայի հաշվառումից հանել է հենց այդպիսի վատ ու կիսաքանդ շենքային պայմանների պատճառով. «Չէի ուզի հանել երեխաներին, որովհետեւ մեր մանկաբույժը լավ մասնագետ է, ուղղակի ափսոսանքով հանեցի: Ես չեմ ուզում փոքրիկներիս նման փնթի պայմաններում սպասարկեն»:
Այս պոլիկլինիկայում անգամ հայտարարությունները, որոնք փակցվում են դռան վրա, փնթի ու տգեղ ձեւով են փակցրել: Մի հայտարարության թուղթը ծամոնով են փակցրել դռանը: Մեկ այլ հայտարարության մեջ էլ աշխատակիցները զլացել են համակարգչով նոր տեքստ գրել ու թարմ հայտարարություն փակցնել, ուղղակի հին ու ճմռթված թղթի վրա գրիչով մի քանի բան են ավելացրել:
Ծնողներից մեկն էլ պատմեց, որ մոտ 40 րոպե հերթ է կանգնել իր հիվանդ փոքրիկի հետ, ու իրենից հետո էլ նոր հիվանդներ էին ավելանում հերթում. «Բայց բժշկուհին դուրս եկավ ու հայտարարեց՝ էլ չսպասեք, իմ աշխատանքային ժամն ավարտվում է: Բայց դրանից մի քանի րոպե առաջ դուռը բացել էի, բան պետք է հարցնեի, տեսա՝ սեղանը գցել, սրճում են: Իսկ հիվանդ երեխաներն իրենց հերթին էին սպասում»:
Թիվ 9 մանկական պոլիկլինիկայի նոր տնօրենը վերջերս է պաշտոնը ստանձնել: Մեզ հետ զրույցում տնօրենը՝ Անի Մաթեւոսյանը, ասաց, որ մի ամիս էլ չկա, ինչ տնօրենի գործին է անցել, ու վստահեցրեց՝ նշված խնդիրները բացառելու է:
«Հենց հիմա այլեւս չեք գտնի կոտրված աթոռներ, այդ հին գույքը հանել ենք, որպեսզի դուրս գրվեն: Այսինքն՝ այդ կոտրված աթոռներն էլ չենք օգտագործում: Ուղղակի հանել ենք դուրս, տեղափոխություն է կատարվում, նորը գնել ենք, տեղադրում ենք»,- վստահեցրեց Մաթեւոսյանը: Մինչդեռ ծնողներն ասացին, որ այդ կեղտոտ ու կոտրված գույքը վաղուց էր այդտեղ դրված: Իսկ տնօրենը մեզ խոստացավ՝ ժամանակի հարց է, հին գույքը փոխարինում են նորով, այլեւս չի լինի նման բան:
Ինչ վերաբերում է հայտարարությունը ծամոնով փակցնելուն ու կեղտոտ խաղալիքներին, տիկին Մաթեւոսյանն այսպես պարզաբանեց. «Հիմա նման բան չկա: Ես նույնիսկ թույլ չեմ տալիս «սկոչով» փակցնեն, պետք է ամեն ինչը «ակուրատնի» լինի: Խաղալիքներ չկան, գուցե հատուկենտ դրված լինի: Կա մի սենյակ, որտեղ փափուկ խաղալիքներ կան, դրանք չեն օգտագործվում»:
Հերթերում երեխաներին սպասեցնելու ու բժշկի սրճելու մասին էլ տնօրենն ասաց. «Առաջին անգամ եմ լսում, որ սպասարկումից դժգոհեն, հակառակը՝ այս տարածքի ծնողները բոլոր բժիշկներից շատ գոհ են: Ես ամեն օր շրջում եմ, նայում եմ, ես ինքս եմ այդ դժգոհությունը հսկում, չեմ լսել, դժգոհություն չի եղել: Հետո՝ բժշկական ասպարեզում չի կարող հերթ չառաջանալ, եթե ժամով գրանցված չէ: Իսկ մանկական պոլիկլինիկայում անհնար է հերթ չլինի, որովհետեւ ամեն րոպե գալիս են՝ չնախատեսված: Մեր բժիշկներն ավելորդ չեն սպասեցնում, ես ինքս եմ հսկում, որ ոչ ոք սուրճ չխմի՝ սպասարկելու փոխարեն: Հավատացնում եմ ձեզ՝ սուրճ չենք խմում էդպես մասսայական: Ընդմիջում անում ենք, բայց դրա պատճառով հիվանդը չպիտի սպասի, մի բժիշկը գնում է ընդմիջման, մյուսը փոխարինում է»:
Ապա Անի Մաթեւոսյանն ասաց. «Ես շատ կարճ ժամանակ է՝ այստեղ եմ աշխատում ու չգիտեմ՝ նախկինում ով ինչպես է աշխատել: Մենք ինչ հնարավոր է՝ անում ենք»: Մաթեւոսյանը վստահեցրեց, որ առաջիկայում նախատեսում են Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ տանիքը նորոգել, սա առաջնային խնդիր է:
Մենք նաեւ փորձեցինք ճշտել, թե որքան է պոլիկլինիկայի տարեկան բյուջեն, եւ արդյոք հնարավոր չէ՞ր եղած բյուջեով այս տարիների ընթացքում վերանորոգել պոլիկլինիկայի սենյակներն ու կարգի բերել ճաք տված պատերը: Մեր այս հարցին ի պատասխան՝ Մաթեւոսյանն ասաց. «Չեմ կարող ձեզ նման տեղեկություն տալ, դա իմ ընտանիքի հարցն է, եւ ձեզ հետ չեմ պատրաստվում քննարկել: Ծնողների բողոքներին պատասխանեցի, խոստանում եմ վերանայել ու խստացնել, բայց բյուջեն, ոչ, չեմ ասի»:
Երբ մենք տնօրենին հուշեցինք, որ պետական պոլիկլինիկայի բյուջեն իր ընտանիքի բյուջեն չէ, այն հանրային է, եւ տնօրենը պարտավոր է թափանցիկ աշխատել ու ծախսերը ներկայացնել, Մաթեւոսյանը խոստացավ առաջիկայում այդ հարցի պատասխանն էլ տալ:
Թե ինչպես է ծախսվում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկայի բյուջեն, եւ այն վերջին տարիներին որքան է կազմում՝ այս հարցերը պարզելու համար քաղաքապետարանից հորդորեցին դիմել առողջապահության նախարարությանը: Սակայն նախարարության այդ ոլորտի պատասխանատուն երեկ մի քանի ժամ տեւած խորհրդակցության էր մասնակցում, ուստի խոստացան առաջիկայում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
11.11.2017