Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տաք» քննարկում 7 տարվա ստաժ ունեցող «հանցագործության» շրջանակներում

Նոյեմբեր 13,2017 14:30

Դատարանների, այդ թվում՝ վերաքննիչ քրեական դատարանի դատական դահլիճները չեն տաքացվում: Երեկ վերաքննիչ քրեական դատարանի դահլիճներից մեկի տաքացման հարցը լուծվել էր լուսանկարում պատկերվածի միջոցով:

Լսվեց Արփինե Մայսուրյանի բողոքի հիման վրա իրենց առարկությունները ներկայացնող տուժողի իրավահաջորդի՝ Հասմիկ Պողոսյանի եւ նրա ներկայացուցչի՝ փաստաբան Անուշ Հակոբյանի առարկությունները: Հիշեցնեմ, որ Արփինեն բնակարան է գնել հանգուցյալ Զարուհի Պողոսյանից, որի դուստրը՝ Հասմիկ Պողոսյանը, պնդում է, թե բնակարանի գումարը՝ 28 000 հազար դոլարը Արփինեն չի տվել մորը:

Մինչդեռ, քաղաքացիական գործով դատավոր Էդիկ Ավետիսյանը պատշաճ է համարել բնակարանի առքուվաճառքի գործողությունները, իսկ բնակարանը մինչ օրս օրենքի ուժ ստացած վճռով անցել է Արփինեին, ու նրա ընտանիքին:

Քրեական գործով էլ այս բնակարանը խարդախությամբ ձեռք բերելու համար Արփինեն դատապարտվել է ազատազրկման:

Ստացվել է երկու վիճակ: Տուժող ճանաչվածի դստեր ներկայացուցիչ փաստաբանն էլ ասում է. «Քրեական գործով դատավճիռը թողեք անփոփոխ, ուժի մեջ, քանի որ Արփինեն չի ընդունում իր մեղքը»: Հենց այս արտահայտությունը զարմացրեց վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Արղամանյանին:

Տուժողի իրավահաջորդի փաստաբան ներկայացուցիչն ասաց, թե չի անդրադառնա այս գործով մանրամասներին, նախորդ նիստում հնչած մեղադրողի առարկությունները չկրկնելու համար: Չի անդրադառնա նաեւ Արփինեի «ոչ արժանահավատ ցուցմունքներին» էլ: Նա ասաց, թե Արփինե Մայսուրյանը օգտվել է ծեր կնոջ վիճակից, այն հանգամանքից, որ նրա երեխաները գտնվում են Ռուսաստանում, եւ հափշտակել է նրա գույքը: Ըստ նրա, հանգուցյալ Զ.Պողոսյանը «սխալ պաշտպանություն էր ընտրել», երբ դիմել է քաղաքացիական հայցով դատարան: Դատարան, որը վերացրել է ըստ նրա քրեական գործ հարուցելու որոշումը:

Իսկ Հասմիկ Պողոսյանն ասաց, թե քրգործի նյութերում սխալ է գրված, թե գործարքը տեղի է ունեցել սեպտեմբերին: Իրենք իմացել են իրենց մոր մտադրության մասին, անգամ ունեցել են իրենց նոտարը՝ Աբովյանում՝ Ռիմա Ստեփանովնան, որի հետ հանդիպման գնացել են չորսով՝ ինքն ու մայրը, Արփինեն ու Արմենակ Հովհաննիսյանը, որը քաղգործով քննությունից հետո այլեւս լքել է հանրապետությունը: Դա յոթ տարի առաջ հուլիսին էր: Արփինեն իր ներկայությամբ հինգ հարյուր դոլար նախավճար է տվել, խոստացել գումարը մինչ իր Մոսկվա մեկնելը կտա, սակայն, ըստ Հ.Պողոսյանի, հետագայում իմացել է, որ մայրը ոչ թե իրենց ծանոթ նոտարի մոտ է գնացել եւ կնքել գործարքը, այլ Կենտրոն նոտարական գրասենյակի: Նա նաեւ ասաց, թե իրենք բնակարանը գնահատել են 35 000 դոլար:

Եվ շատ են զարմացել, երբ հետագայում իմացել են, որ բնակարանը վաճառվել է 28 000 հազար դոլարով:

Դատարանի հարցին էլ, թե ինչու է այլ նոտարի մոտ գնացել, դուստրը պատասխանեց, թե խաբել են Արփինեենք, եւ մայրն էլ, երբ զանգել հարցրել է, պատասխանել է՝ ամեն բան լավ է:

«Նա վստահում էր Արփինեին, բայց ինձ չվստահեց»,-ասաց տուժողի դուստրը:

Արփինե Մայսուրյանի պաշտպան Արթուր Ալիխանյանը հանդես եկավ միջնորդությամբ. վերակարգության կարգով գործը քննելու, առաջին ատյանի դատարանից պահանջելով քաղաքացիական գործով կրիչը տրամադրելու մասին:

Այդ կրիչում հանրապետությունից բացակայող Արմենակ Հովհաննիսյանը հայտնել էր, թե քսան հազար դոլարի փոխառության պայմանագիր ունի հանգուցյալի հետ, սակայն դա ինչ կապ ունի ամբաստանվող Արփինեի բնակարանը գնելու հետ, պարզ չդարձավ: Մեղադրողն ասաց՝ հետագա շահարկումներից խուսափելու համար չի առարկում. «Արմենակ Հովհաննիսյանի մասով դա միակ ապացույցը չէ, իսկ պաշտպանի մոտ գտնվող սկավառակն էլ չի կարող պատշաճ ապացույց համարվել»:

Տուժող կողմի ներկայացուցիչը նիստը ձգձգելու միտում տեսավ: Իսկ դատարանի հարցին էլ, թե տուժող կողմը տեսե՞լ է, ծանո՞թ է այդ ապացույցին, լսվեց պատասխան՝ տեղյակ չեն:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը. քաղգործով դատարանից կպահանջվի այն կրիչը, որի մասին նախորդ նիստերից մեկում լսվել էր, իսկ մենք էլ տեղեկացրել էինք՝ դատարանից անհետացել է:

Բողոքի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 12-ին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

11.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930