«Տարեկան շուրջ տասը միլիոն դոլար պետք կլինի, եթե որոշենք դասագրքերն անվճար դարձնել»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան. նա վիճարկում է դասագրքերի համար գումար գանձելու սահմանադրականությունը:
Պարոն Մեջլումյանն այս խնդրի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց. «5-12-րդ դասարաններում վարձավճարով են տրամադրվում դասագրքերը: Օրինակ՝ 5-րդ դասարանում 11 վճարովի դասագիրք կա, 6-րդում՝ 17 դասագիրք՝ 14-ը վարձավճարով: Դասարանների հետ մեկտեղ դասագրքերի թիվն աճում է: Այն մեկ երեխայի համար տարեկան կազմում է 7900 դրամ, ինչը բեռ է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար»:
Պարոն Մեջլումյանը բարձրացրեց նաև դասագրքերի որակի խնդիրը, ինչը չի լուծվում, թեև դասագրքերն ուղարկում են փորձաքննության, կարծիքի համար` դպրոցներ. «Օրինակ՝ դպրոց ուղարկվող դասագրքերի համար հաճախ ուսուցիչները կարծիք չեն տալիս, քանի որ մոտիվացված չեն, այդ աշխատանքը չի վարձատրվում, իրենց կարծիքները սովորաբար հեղինակների խմբերի կողմից հաշվի չեն առնվել: Փաստորեն, կա օտարում ուսուցիչների և դասագրքաստեղծման գործընթացի միջև»:
Ըստ Ավետիք Մեջլումյանի՝ այս իրավիճակը հանգեցրել է կրթության ճգնաժամի. «Դպրոցներում ուսուցիչների շրջանում լուրջ ապատիա կա թե՛ սոցիալական հեղինակության, թե՛ աշխատաժամանակի առումով: Հոգեբանորեն մոտիվացիայի պակաս կա, ապատիկ վիճակ, որը հանգեցնում է ճգնաժամի»:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդող Հերմինե Անտոնյանը նշեց, թե որպես քաղաքացի զարմացած է օմբուդսմենի հայցի կապակցությամբ, քանի որ հազվադեպ է նա մարդու իրավունքների տեսանկյունից հանդես գալիս: Որպես կրթահամալիրի դասավանդող՝ նշեց. «Ես կարող եմ ասել, որ այդ դասագրքեր կոչվածը ո՛չ սովորողին, ո՛չ ուսուցանողին, առավել ևս, որ հետագայում դառնան անվճար, որևէ բան չեն տալիս: Մենք կրթահամալիրում իրականացնում ենք մեդիակրթություն: Համացանցն ինքը հարուստ աղբյուր է, և դասագրքերի հարցը լուծված է: Մեր սովորողները համակարգիչներով են ներկայանում դասի: Բայց կուզենայի, որ օմբուդսմենը հայցով դիմեր ոչ թե դասագրքերի անվճար լինելու կամ չլինելու համար, այլ ավելի խորքային խնդիրներ բարձրացվեին»:
Հերմինե Անտոնյանը նաև բարձրացրեց ուսուցիչների վերապատրաստումների, աշխատավարձերի հարցը. «Մոտիվացիա չկա, որ ուսուցիչն իր վրա աշխատի: Սովորողներին, ուսուցիչներին ապահովեք մեդիա գործիքներով, լցրեք գրադարանները, և հարցը կլուծվի»:
Տիկին Անտոնյանը մտահոգություն հայտնեց, որ ներկայիս դասագրքերը թույլ չեն տալիս սովորողին ինքնուրույն սովորել. «Ուսանողին ուղղորդում են ստանդարտ ճանապարհով, վերադառնում ենք նախկին սովետ և վերացնում ենք ստեղծականությունը: Սովորողի մոտ չեն ձևավորվում ինքնուրույն մտածելու կարողություններ և հմտություններ: Այս տեսակետից կարևոր է մեդիան, որը մեծ դեր ունի ինքնակրթվելու բնագավառում: Երբ ուսուցիչը խնդիրը դնում է, սովորողն ինքն է գտնում համապատասխան բնագավառը, որտեղ կուզի ինքնակրթվել: Այս հարցերի մասին պիտի մտածենք, ոչ թե անվճար դասագրքերի: Դա նման է նրան, որ վնասակար սնունդը դարձնենք անվճար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի