Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց «Իգլայի» գործով դատավարությունը: Այդ գործով, հիշեցնենք անցնում են ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ 6 անձ:
Պետական մեղադրող Արամ Արամյանն այսօր ներկայացնում էր մեղադրական ճառը:
Դատախազը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում: Նա մեղադրվում է երկու հոդվածներով: Հիշեցնենք, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ: Նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մյուս մեղադրյալներին՝ Սանասար Գաբրիելյանին դատախազը միջնորդեց ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքի համար 4 տարի ազատազրկում, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարի ազատազրկում, բայց պատիժը պայմանականորեն չկիրառել, փոխարենը սահմանել 3 տարի փորձաշրջան, Կարեն Քոչարյանին՝ 3 տարի ժամկետով ազատազրկում, Ժորա Զաքարյանին՝ 2 տարի ազատազրկում, պայմանականորեն չկիրառել և փոխարինել երեք տարվա փորձաշրջան, Արմեն Պողոսյանին՝ ազատազրկում 3 տարի, կալանավորումը թողնել անփոփոխ, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարի ազատազրկում:
Մեղադրական ճառի ավարտից հետո լրագրողները Սամվել Բաբայանից հետաքրքրվեցին`ի՞նչ կարծիք ունի: «Դե կխոսենք, էլի»,-ասաց նա:
Պաշտպանական կողմի ելույթները նախատեսված են հաջորդ նիստին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ