«Երկու օր է՝ համացանցում որոշ «մտավորականների» եւ այս շարժումով խիստ անհանգստացողների կողմից լսում եմ մեկ հակափաստարկ՝ ուղղված մեզ: Ասում են՝ մենք գիտենք այդ խորհուրդներին, որոնք շնորհում են թեկնածուական եւ դոկտորական աստիճաններ, ինչ է կատարվում, տեսնում ենք ովքեր են ստանում գիտության թեկնածուի աստիճան: Ներողություն, մե՞նք ենք մեղավոր, որ ամեն երկրորդ ստանում է թեկնածուի աստիճան, մե՞նք ենք մեղավոր: Ուրեմն բարի եղեք գիտական խորհուրդներում ինչ-որ բան փոխեք: Թե՞ գնում եք այն տենդենցով, որ եթե ինչ-որ օրգան հիվանդ է, հեռացնում եք, ինչ է թե բուժման ձեւը չգիտեք»,- այսօր ասում էին տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ցույցի ելած ուսանողները, որոնք արդեն 5-րդ օրն է՝ դասադուլ են անում:
Ուսանողներն այսօր շրջեցին տարբեր ֆակուլտետներով եւ փորձում էին գտնել գեթ մեկին, որը կապացուցեր, որ իրենք սխալ են եւ կասեր, որ կողմ է օրինագծին:
Այս պահին ուսանողները ռոմանագերմանական, բանասիրական ֆակուլտետի շենքի մոտ են:
Այս ֆակուլտետի շենքին Արցախում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարն է եւ նախորդ ցույցերից մեկի ժամանակ մի հայտնի լուսանկար էր արվել՝ տարկետում պահանջող ցուցարարները իրենց պաստառով՝ զոհված հերոսի ֆոնին: Ֆեյսբուքում այս նկարը տարածվել եւ քննարկումների տեղիք էր տվել:
Այսօր ուսանողներն անդրադարձան այդ քննարկումներին ու քննադատություններին. «Շահարկողները, ֆեյսբուքյան կեղծ հայրենասերները նշում են՝ մի՞թե Ռոբերտ Աբաջյանից լավն եք, մի՞թե նա էլ չէր ուզում սովորել: Ռոբերտ Աբաջյանը մեր ազգային հերոսն է, երանի թե մի քանի հոգի Արցախում Ռոբերտ Աբաջյանի նման ունենայինք, ես համոզված եմ, այսօր բոլորովին այլ պայմաններում կապրեինք: Բայց այդ ֆեյսբուքյան կեղծ հայրենասերները, որ ասում են, թե Ռոբերտ Աբաջյանը զոհվել է, իսկ իրենց խոսքերով ասած որոշ դասալիքներ պահանջում են տարկետում, հիմա իրենց հարց եմ հնչեցնում՝ իրենք արդյոք հայտնե՞լ են մտավախություն, թե ինչո՞ւ Ռոբերտ Աբաջյանը մնաց առանց փամփուշտի եւ իրեն պայթեցրեց: Մեկը ասա՞ց՝ ինչու է նա մնացել առանց փամփուշտի, թե՞ այն բաներն են շահարկում, որն իրենց ձեռնտու է: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ, ինչո՞ւ պետք է նա մնար առանց փամփուշտ, որ այսօր որոշ մարդիկ դա շահարկեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
էէէէէէ…..Հիմա եթե շանը քար գցես կամ վաստակավորին կկպնի,կամ էլ շքանշանակրին (պրոֆեսոր ու գիտական աստիճանն էլ ձեզ«փեշքեշ»):Պարզից էլ պարզ է,որ կոչումներ ,մեդալներ ու գիտական աստիճաններ առատորեն շնորհելով իշխանությունը իրենով է անում մտավորականին…որ լալկվի…ու ԼԱԼԿՎՈՒՄ Է…Արդ՝ առաջարկում եմ ՀՀ-ն փոխել ՀՎՀ,այսինք Հայաստանի Վաստակավոր Հանրապետություն: