Ուսանողական դասադուլի 5-րդ օրն է, նրանք այսօր ֆակուլտետներով շրջում են եւ թռուցիկներ են բաժանում: ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ մտնելով՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն արձանագրեց, որ 2-րդ հարկում ուսանող առհասարակ չկա, դասերը չեն ընթանում, այսինքն, այն փաստարկը, թե ուսանողների մեծ մասը կողմ է օրենքին, կեղծ է:
Ուսանողների խոսքով՝ «դասադուլի երկու ձեւ կա, բոյկոտը նույնպես դասադուլի ձեւ է եւ պարզ է, որ ուսանողները դասադուլին մասնակցում են»:
Դավիթ Պետրոսյանն այսօր բողոքի ցույցի ժամանակ անդրադարձավ իրենց շարժման հասցեին հնչող այն քննադատությանը, որ շարժումը քաղաքականացված է: Ըստ նրա, եթե ԱԺ օրինագծի դեմ են պայքարում, չի կարող քաղաքականացված չլինել: Բայց դա չի նշանակում, որ իրենց պայքարը կուսակցականացված է. «Մենք ասացինք՝ մի հատ փաստ բերեք, բացի նրանից, որ Վահանը շարժման մեջ է: Վահանը կուսակցական էլ չէ, պատգամավորի օգնական է: Բացի դրանից, եթե մի փաստ կա՝ ասեք իմանանք: Այս ամեն ինչը նրա համար է, որ շարժման գաղափարը խեղաթյուրվի, շարժման արժեհամակարգը փորձեն փչացնել»:
Ուսխորհուրդը հայտարարություն էր տարածել, որ չեն կիսում ակցիայի մասնակիցների մոտեցումները: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենց ներկայացրած հարցումը իրականացվել է մեկ օրում ու հարց է, թե ինչ չափանիշներով են արել, ոնց են հարցեր տվել ու ում են տվել. «Ես հասկացա, որ հարցերը տեղի են ունեցել անձնական մակարդակով»:
Ուսանողները հայտարարել էին, որ մինչեւ հինգշաբթի անակնկալներ են լինելու: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ անակնկալների մասին է խոսքը՝ Դավիթ Պետրոսյանը պատասխանեց, որ մի քանի ցույցեր պիտի իրականացնեն, անակնկալների մասին կասի այն ժամանակ, երբ դրանք ավարտած լինեն:
Ցույցի ժամանակ ուսանողները սկսած Էյնշտեյնից՝ հանրահայտ գիտնականների օրինակներ էին բերում, թե ինչ գիտական աշխատություններ են ունեցել մինչեւ 30 տարեկանը ու ըստ նրանց, բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ բանակ գնալ գալուց հետո էլ կարող են գիտությանը նվիրվել, լավ չեն պատկերացնում, թե ինչ է գիտությունը:
Ուսանողները ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մոտ են եւ կոչ են անում պրոֆեսորադասախոսական կազմին, որ գան եւ փաստարկներ ներկայացնեն. «Եթե ասում են, թե մեծամասնությունը կողմ է, թող այդ մեծամասնությունից մեկը գա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ