Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առանց գիտության կարող ենք խարխլել մեր անվտանգությունը»

Նոյեմբեր 13,2017 14:00

Ըստ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի, բնագիտական առարկաների պարագայում կրթության անընդհատությունը անհրաժեշտություն է:

«Առավոտը» ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց` ինչ կարծիքի է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կրթության անընդհատության մասին, մանավանդ պրոֆեսորը օրերս մասնակցել էր ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստին: Հիշեցնենք, որ այնտեղ քննարկվում էր օրենքի նախագիծը, մասնավորաբար տարկետման իրավունքի հետ կապված խնդիրները՝ այսօրվա իրողությունների ֆոնին:

«Հիմնականում տիրապետող էր այն դրույթը, որ մեծամասնությունը կողմ էր օրենքի ընդունմանը: Ես իմ ելույթում անդրադարձա գիտության հետագա զարգացման հետ կապված խնդրահարույց մի քանի կետի, որոնք գուցե օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ վերանայվեն: Ներքին համոզում ունեմ, որ այդ հնարավորությունը կա: Խոսքը մասնավորապես տարկետման իրավունքի որոշակի համակազմի մասին է` հիմնականում բնագիտական թեւի ուսանողների հետ կապված: Խնդիրն էլ հետեւյալին է վերաբերում, որ մեր երկրի դեմքը, իմիջը պետք է լինեն երկրի պաշտպանական համակարգը, բանակը եւ գիտությունը: Սրանք պետք է դիտարկել որպես միմյանց փոխլրացնող համակարգեր: Բանակը եւ երկրի անվտանգությունը չպետք է դիտվի որպես երկրի միակ գերակայություն` ինչ-որ իմաստով ստորադասելով գիտությունը: Կարծում եմ, որ գիտությունն այսօր լուծում է եւ շարունակելու է լուծել անվտանգության խնդիրներ, հատկապես վաղվա օրվա կտրվածքով: Առանց գիտության վաղը կարող ենք խարխլել մեր անվտանգությունը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Նրա ձեւակերպմամբ, օրենքի ընդունումից հետո հնարավոր կլինի խուսափել նեգատիվ երեւույթներից, զեխությունից, բանակից ծառայելուց խուսափելու շինծու հնարքներից, որոնք ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանի խոսքերով, գործադրվում են հատկապես առողջապահության ոլորտում. «Նույնիսկ երկրորդ ընթերցումից հետո, օրենքն ընդունելուց հետո պետք է համապատասխան կարգավորումներ լինեն, որպեսզի սոցիալական արդարության սկզբունքը, որը դրված է օրենքի հիմքում, իրապես կյանքի կոչվի: Մյուս կողմից, իմ համոզմամբ, ընդհանրապես դատարկ են բոլոր այն խոսակցությունները` գիտելիքահեն տնտեսություն ունենալու վերաբերյալ, եթե այսօր եւ հետագայում հետեւողականորեն ձեռնամուխ չլինենք հանրակրթության, բարձրագույն կրթության եւ գիտական համակարգերի արդյունավետության բարձրացմանը»:

Պարոն Սարգսյանը կուտակված խնդիրներին էլ անդրադարձավ. «Շատ կարեւոր է, թե ինչպիսին կլինեն իրավակարգավորումներն ու կառուցակարգերը, այսինքն՝ մեխանիզմները: Կրկնում եմ` մենք այլ ճանապարհ չունենք, քան գիտելիքահեն տնտեսության վրա կառուցած պետություն ունենալը, այս օրերին դա հնչեց նաեւ նախագահի շուրթերից: Կրթությունը մեր ժողովրդի համար եղել եւ մնում է գերակա արժեք, սակայն մեր կրթական համակարգն այսօր կարծես տնտեսական եւ հոգեւոր վերելքին ուժգնորեն չի նպաստում: Արդի կրթահամակարգերի ստեղծումը եւ բարձրորակ մասնագետներով ապահովվածությունը գիտատար տնտեսության գրավականն է, մի բան, առանց որի անհնար է զարգացած եւ զորեղ Հայաստանի տեսլականը»:

Գիտնականը նաեւ փաստում է, որ բարձրագույն կրթության ոլորտում ունենք որոշակի ձեռքբերումներ, ինչի մասին կարող են վկայել հաջողությունները բնագիտական թեւում` միջազգային ասպարեզում: Սակայն առաջընթացի հեռանկարն, այնուամենայնիվ, մեր զրուցակիցը մտահոգիչ է համարում. «Մենք այսօր մեկ ուսանողին բաժին ընկնող $1000-ին համարժեք դրամով (կրթական ծախսերի մասին է խոսքը) կկարողանա՞նք ապահովել միջազգային կրթական բարձր մակարդակ: Ես տարակուսում եմ այս հարցում, թերեւս ոչ… Երկար ժամանակ կարող ենք այսօրվա նման աղքատության ծուղակում հայտնվել, եթե լուրջ անդրադարձ չլինի կրթության որակին: Այս պահին հիշեցի Անտոն Չեխովին, որն ասում էր, թե աղքատությունը, չհասկացվածությունը եւ չիրացվածությունը ատամնացավից ուժեղ են ցավեցնում… 2000-ականներին, երբ քննարկվում էր աղքատության շեմի հարցը, մի առիթով արդեն ասել եմ, որ աղքատը ոչ թե այն հայ ընտանիքն է, որտեղ մեկ շնչին 2 կամ 3 դոլար է բաժին ընկնում, այլ այն, որ չի կարողանում հոգալ կրթության ծախսերը»:

«Առավոտը» հետաքրքրվեց, եթե նախատեսված է, որ առաջիկայում կրթության ֆինանսավորումը նվազելու է մինչեւ 1,85 տոկոս, այդ ֆինանսավորմամբ ինչպե՞ս է հնարավոր լինելու որակյալ կրթություն ապահովելը:

«Ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, երբ մի կողմից իրատեսական չեն կրթական բարձր վարձավճարները, մյուս կողմից էլ էժան կրթությունը չի կարող նպաստել աղքատության շեմից հեռանալուն: Այդ մասին վկայում են տնտեսական աճին ուղղված ժամանակակից գիտնականների մշակումները, մասնավորաբար Տարոն Աջեմօղլուի եւ Ալչյանի տեսությունները: Դրանք իմ պնդման հաստատումներն են: Իսկ ռեալ ուղին մեկն է` Հայաստանում պետք է զարկ տրվի բարձր արտադրողական տեխնոլոգիաներին եւ այդ տեխնոլոգիաների ներգրավածությանը` կրթական ոլորտ, ինչը միանգամայն հնարավոր է հատկապես բնագիտության եւ բնագիտական կրթության պատշաճ աջակցման պարագայում: Եվրոպական համալսարաններում մեր ֆիզիկոսները, մաթեմատիկոսները, կենսաբանները, քիմիկոսները դիրքեր են զբաղեցնում, բայց դա երկար չի կարող շարունակվել, քանի որ մաշվում են նաեւ այդ կապիտալի վերարտադրության հնարավորությունները: Մեր համալսարաններում տնտեսագետները, ցավոք, դեռեւս դոտացիա են ստանում հումանիտար թեւից: Կարծում եմ` պետք է վերանայվի ոչ թանկարժեք կրթության տարվող քաղաքականությունը, ի վերջո էժան կրթությունը ստույգ լավագույնը չէ: Ավելին, ծառայություններն ինքնարժեքից ցածր գնով իրացնող կազմակերպություններն ի վերջո սնանկանում են: Բայց կրթությունը կարծես թե շրջանցում է այս հանգամանքը, համալսարանականների մասնագիտական պատասխանատվությունն այսօր դեռեւս պահում է այդ իրավիճակը: Մեր պատրաստած մասնագետները դեռեւս պահանջված են այսօրվա կլինիկաներում, հարկային համակարգում, կարող ենք նաեւ մասնագետներ պատրաստել «դրսի» համար: Իմիջիայլոց, մեր արտահանման քաղաքականության մեջ, իսկ արտահանումը հասնում է գրեթե 40%-ի, սա լուրջ բնագիծ է եւ նախադրյալ է` վաղը տնտեսական զարգացում ունենալու համար: Բայց դա պետք է լինի շարունակական: Կարծում եմ, որ այդ բաղադրիչը` կրթական ծառայություններ մատուցել դրսի ուսանողների, նույնպես պետք է առկա լինի: Հիշում եմ` տարիներ առաջ նույնիսկ միջին մասնագիտական կրթության գծով վիետնամցի ուսանողների էլ կարելի էր տեսնել պրոֆտեխուսումնարաններում: Այնպես որ, այդ պոտենցիալը կա, եւ այն կարծիքին եմ, որ մենք դա պետք է կարողանանք գործադրել: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական հնարավորություններին, շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ կրթության սնուցումը պետք է ակնկալել ոչ միայն բյուջեի սուղ միջոցներից, այլեւ ամենատարբեր բարեգործական հիմնադրամների, գործատուների` երկրի կրթահամակարգ մուտք գործելու միջոցով: Դրսի համալսարաններում եւս իրենց բյուջեն բաղկացած է բարեգործական բաղադրիչներից»,-հայտնեց պարոն Սարգսյանը:

Նրանից տեղեկացանք, որ, օրինակ, ԵՊՀ-ի բյուջետային միջոցները` մոտ 20 մլն դոլարին համարժեք, 70 տոկոսի չափով գոյանում են ուսանողների վարձավճարներից:

Մեր զրույցի ավարտին դարձյալ անդրադարձ եղավ կրթության անընդհատությանը եւ դժգոհություններ հարուցած օրենքի նախագծին:

«Կարծում եմ` 18 տարեկանը չպետք է լինի սահմանագծին, ընդ որում՝ այդ հնարավորություններն ընձեռված են օրենքով: Նա կարող է պայմանագրային հիմունքներով շարունակել իր ուսումը բակալավրիատում: Չեմ կարծում, թե նպատակահարմար է, որ 18 տարեկան որպես զինվոր չկայացածը սահմանի վրա լինի եւ այսօրվա ոչ արդիական տեխնոլոգիաներով մեր սահմանագիծը պահի…»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է կրթության անընդհատության գաղափարին, պարոն Սարգսյանի համոզմամբ, որոշ դեպքերում, իսկ դա բնագիտական կրթությանն է վերաբերում, պետք է տաղանդաշատ ուսանողների կրթության անընդհատությունը պահել: «Նման ուսանողները կարող են 100-200 հոգի լինել, այդ հնարավորությունը պետք է ապահովվի նրանց համար: Կարծում եմ, որ երկրորդ ընթերցման պարագային օրենքի ուժով այդ հնարավորությունը կընդգծվի: Ինքս Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանն ավարտելուց հետո, հանգամանքների բերումով չեմ գնացել զինվորական ճամբար, հույս չունեի, որ ինձ կպահեն ասպիրանտուրայում: Սակայն ասպիրանտուրա ընդունվեցի, ու որպես զինվոր ծառայեցի բանակում: Բայց նման օրինակները չպետք է ընդհանրացնել: Հատկապես բնագիտական առարկաների մի որոշակի սեգմենտի համար կրթության անընդհատությունը անհրաժեշտություն է»,-հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի

«Առավոտ»

11.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930