Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Գուրզադյան. ֆիզիկապես վտիտ, բայց շնորհալի երիտասարդը՝ նստած համակարգչի առաջ, նմանապես կպաշտպանի իր երկիրը, ինչպես սահմանին կանգնած իր հերոս համադասարանցին

Նոյեմբեր 13,2017 11:37

Հարցազրույց ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ հետ:

-Պարոն Գուրզադյան, հետևու՞մ եք «բանակ, թե գիտություն» քննարկումներին:

-Մեր երկրի անվտանգությունը, իհարկե, ամենաառաջնային խնդիր է: Չպետք է, սակայն, հակադրել՝ բանակ, թե գիտություն: Գիտությունը իր հետևից տանում է կրթությանը, իսկ որևէ երկրի կրթական մակարդակը որոշում է գործնականում ամեն ինչ, նաև պաշտպանունակությունը: Անգամ այսօրվա պայմաններում` թերևս շատերը չգիտեն, օրինակ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտում կատարվում են բարձրակարգ հետազոտություններ՝ արևմուտքի գլխավոր կենտրոնների հետ համատեղ:

-Ասվում է, որ գիտությամբ զբաղվում են քչերը, իսկ այսօր ամեն ինչ պետք է ուղղել երկրի պաշտպանության համար:

-Իրոք, ամեն երկրում հենց գիտությամբ զբաղվում է բնակչության փոքր հատվածը, ավելին՝ գիտական հետազոտությունները ուղղորդվում են սովորաբար շատ փոքր թվով առաջատար մասնագետների կողմից, հանեք որևէ գիտական կենտրոնից մի տասնյակ առաջատար՝ հիմնարկ չի մնա: Սակայն, կրթելու համար, ասենք, չորս-հինգ առաջատարի պետք է բուհում կրթել առնվազն տասնյակների:

-Ասում են, որ բացառիկ տաղանդների համար կարվեն բացառություններ:

-Պետք է լինել զգույշ, ոչ միշտ են ապագա առաջատար գիտնականները դպրոցի ավարտին կամ անգամ բուհի առաջին տարիներին ակնհայտորեն աչքի ընկնում:

Բերեմ մի օրինակ. Հայրենական պատերազմից առաջ Մոսկվայի համալսարանում բժշկական քննություն ընթացքում մի ֆիզիկոս-ուսանողի կոկորդը զննելիս նրան համարում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի : Սկսվում է պատերազմը և նրա գրեթե բոլոր ընկերները զոհվում են հենց առաջին ամիսներին: Ինչպես նա գրում է հետագայում, կուրսում կային իրենից զգալիորեն ավելի շնորհալիներ: Փաստորեն պատահաբար ողջ մնալով (կոկորդը իրեն զգացնել չի տալիս հետագայում), նա մի քանի տարի անց ունենում է որոշիչ դեր խորհրդային միջուկային զենքի ստեղծման մեջ: Խոսքը Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Վիտալի Գինզբուրգի մասին է (որին ես աշակերտել եմ Մոսկվայում ասպիրանտական տարիներիս):

Գինզբուրգի՝ ինչպես նաև ռազմաճակատ չմեկնած մյուս ֆիզիկոսների՝ Սախարովի, Զելդովիչի, Խարիտոնի, Լանդաուի և այլոց ներդրումը երկրի պաշտպանության մեջ այդպիսով ստացվում է հիրավի վիթխարի, քան թե նրանք կունենային, որպես անվարժ հետևակ:

Ասելս այն է, որ պետք է շնորհալիներին ներգրավել երկրի պաշտպանությանը գտնելով առավել ճկուն, արդյունավետ ձևեր, միաժամանակ ստեղծելով պայմաններ նրանց հետագա մասնագիտական աճի: Այդպիսով, ֆիզիկապես վտիտ, բայց շնորհալի երիտասարդը՝ նստած համակարգչի առաջ, նմանապես կպաշտպանի իր երկիրը, ինչպես սահմանին կանգնած իր հերոս համադասարանցին:

Կա այսպիսի խոսք. պետք է օգնել շնորհալիներին, անշնորհքները իրենք իրենց ճանապարհը կբացեն:

Կարծում եմ, պետք է ոչ միայն շնորհալիներին չզորակոչել սովորական զորամասեր, այլև նրանց դիտելով որպես ազգային հարստություն, արգելել, եթե անգամ նրանք կամովին դա ցանկանան:

-Ուրեմն ի՞նչ տարբերակ կառաջարկեք:

-Կառաջարկեի հետևյալ տարբերակը. բուհ կամ ասպիրանտուրա ավարտելուց հետո շնորհալիներին շաբաթական երկու-երեք օրով՝ երկու-երեք տարվա ընթացքում, ներգրավել զուտ պաշտպանական առաջադրանքներում՝ խոսքը հիմնականում ճշգրիտ գիտությունների, ինժեներների, ՏՏ-մասնագետներին մասին է: Մնացած օրերին նրանք կզբաղվեն իրենց հիմնական խնդիրներով: Սա ունի որոշ նմանություն խորհրդային ռազմագիտության ամբիոնների հետ, սակայն այլ բովանդակությամբ: Ի դեպ, այսպես նաև սկզբունքորեն կտարբերակվեն իրական շնորհալիները՝ իրական խնդիրներ լուծող, և ինչպես այսօր ՏՏ-ոլորտում՝ ոչ պիտանիները արագ կերևան:

Այս տարբերակը, հավանաբար, կվերաբերի մի քանի հարյուր երիտասարդի, մնացածի նկատմամբ կգործի ՊՆ փաթեթը: Իսկ այդ մի քանի հարյուրի փոխարեն գտնել միջոցներ՝ ներգրավելու պայմանագրայինների:

Այս հարցում ճկուն չլինելու դեպքում արտագաղթը, կոռուպցիան ժամանակի ընթացքում միայն կթուլացնեն երկիրը:

-Իսկ ինչպե՞ս վարվել արտասահմանում կրթվող մեր երիտասարդների հետ:

-Այստեղ էլ պետք է հստակ տարբերակել: Նկատի ունենալով մեր բուհերում կրթության անհամեմատ ցածր մակարդակը, արևմուտքի լավագույն համալսարաններում (բուհերի վարկանշային ցուցակում, ասենք, առաջին հիսունից) կրթված մեր շնորհալիները կարող են դառնալ մեր երկրի իրական հենքը, եթե ստեղծել այստեղ` գոնե մասնակի ժամանակով, նրանց համար գործելու պայմաններ: Արտերկրի մնացածների համար պետք է գործի ՊՆ փաթեթը:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այս օրերին ուսանողների շարժմանը:

-Ուսանողները, փաստորեն, միակն էին, որ այս սկզբունքային հարցը դարձրին քննարկման նյութ: Սակայն գտնում եմ, որ ուսանողները իրենց ակցիաները պետք է անեին ոչ դասերի ժամանակ, այլ դասերից հետո, թե չէ ստացվում է՝ պայքարել գիտելիքի համար, միաժամանակ փախչելով գիտելիքից, էլ չասած, որ տուժում են նրանց այլ ընկերները: Ընդհանրապես, ուսանողների ցանկացած ակցիա չպետք է կատարվի դասընթացի խաթարման հաշվին:

-Իսկ ի՞նչ կասեք գիտական գործունեության մասին նոր օրենքի նախագծի մասին:

-Մեկ գիտական աստիճանին անցումը, ըստ այդ նախագծի՝ մեր պայմաններում, կարծում եմ, կլինի կործանարար: Ես մոտիկից տեղյակ եմ արևմուտքի գիտական համակարգերին (վեց տարի եղել եմ Euroscience (Ստրասբուրգ) ղեկավար խորհրդի անդամ, տարիներ աշխատել եմ եվրոպական համալսարաններում), երկաստիճանի համակարգը, օրինակ, բնավ չի խանգարում գերմանացիներին աշխատել, ասենք, ամերիկացիների հետ, որոնց համակարգը ունի իր առանձնահատկությունները: Մեր՝ փոքր երկրի պայմաններում դոկտորական կոչումը որոշակի ֆիլտր է բուհերում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու, և կարելի է ենթադրել, որ այդ ֆիլտրի հանումը մեր չինովնիկների նախաձեռնությունն է, որ այդպիսով ապահովում են իրենց զավակների համար ղեկավարի անհոգ կարիերա, ակադեմիական տիտղոսներ: Իսկ հնգամյա ասպիրանտուրան՝ այսինքն` այդչափ գոյատևելը սոսկ կրթաթոշակով, ուղղակի կդարձնի անիմաստ այդ ինստիտուտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930