Այսօր դասադուլ անող ուսանողները բողոքի ցույցի ժամանակ անդրադարձան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հարցազրույցին, որտեղ նա ասել էր՝ «հասկանում ենք, որ հատկապես բնագիտական ոլորտում այս նախագիծը խնդիրներ է առաջացնելու, բայց ըմբռնումով ենք մոտենում կառավարության այս մոտեցմանը»:
Ուսանողները քննադատեցին ռեկտորին, որ իրենց չի պաշտպանում եւ ըմբռնումով է մոտենում. «Պետք չէ ըմբռնումով մոտենալ, պետք է փոխզիջումային քաղաքականությամբ հասնել այն մոտեցմանը, որ չպետք է գիտությունը ստորադասվի բանակին»:
Նրանք կոչ արեցին պայքարել եւ հասնել արդյունքի. «Չնայած մեր համալսարանի վարչական մասը չի կիսում մեր կարծիքը, սակայն ուսանողությունը կիսում է այդ կարծիքը ու մենք համոզված ենք՝ տարկետում լինելու է»:
Ըստ ուսանողների, այպիսի տպավորություն է, որ մեր երկրում շատ են մտածում սպորտի մասին, բայց ոչ մեկը չի մտածում գիտության մասին. «Մենք հավաքվել ենք այստեղ, որ գիտությունը զարգացնենք»:
Ուսանողներն ասացին, որ թեեւ գիտնական ասելով՝ մարդիկ պատկերացնում են տարիքով մարդ, որը գնում է ակադեմիա եւ ոչինչ չի անում, իրականում այդպես չէ, բավականաչափ երիտասարդներ կան, որ ուժեղ գիտնականներ են, պարզապես գիտության հաջողությունները դժվար է գնահատել, դա ծանրամարտ չէ, որ ծանրաձողը բարձրացնես՝ մարդիկ տեսնեն ու համոզվեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ