Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարը պետք է ճզմել, ոչնչացնել, որ տեղը լցվի բարությամբ» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 13,2017 13:30

Մինչ պրեմիերան Էդգար Մեհրաբյանի սարոյանական բեմադրության վերաբերյալ թյուր տպավորություն կար

Վերջերս «Մետրո» թատրոնում ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքների՝ «Արի խաղանք, կանցնի…» ներկայացման պրեմիերայից առաջ տարաբնույթ խոսակցություններ էին շրջանառվում։ Հիմնական պատճառը ներկայացման հայտագիրն էր, որտեղ պատկերված էին ճամպրուկների ետեւում երեւացող տղամարդու եւ կանանց մերկ ոտքեր։ Ասում էին, թե Սարոյանն ո՜ւր, էրոտիկան ո՜ւր…

Նույնիսկ մեկ-երկու գրականագետներ, ընդամենը վրդովված հայտագրից, «Առավոտին» հիշեցրին, թե Սարոյանի վիպակներում ու պատմվածքներում մարմնավորած իրականության ու երազանքների հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգեւոր գեղեցկության, սիրո եւ բարու հաստատման մոտիվներն են։ Հավելում էին նաեւ, թե Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են մեր միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով։ Մասնագետների խոսքը փոխանցեցինք բեմադրության ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի մասսայական ռեժիսուրա բաժնի ավարտական կուրսի ուսանող Էդգար Մեհրաբյանին։ Դիտելով ներկայացումը, համոզվեցինք, որ բեմադրությունը համեմված չէ էրոտիկ եւ ոչ մի տեսարանով, ընդհակառակը՝ այն ներկայացնում էր սարոյանական խորը փիլիսոփայություն։ Ներկայացման ավարտին հնչում է հետեւյալ միտքը. «Մարդ պիտի մաքուր մեռնի, մարդիկ սովոր են ամեն մի փչացած, անպետք բան հողին հանձնել։ Զզվելի, կեղտոտ կյանք են վարում եւ այդ փչացած մարմնով էլ ուզում են հողին գնալ։ Հողն էլ չի ընդունի էդպիսիներին, դուրս կշպրտի… Դիակն էլ սերմ է, չէ՞…»։ Ներկայացման ընթացքում զուգահեռ «շարժվում» են մաժորն ու մինորը, ողբերգականն ու կատակերգականը, կարճ ասած՝ այն, որոնցով առատ է մեր կյանքը կամ մեզանում դարձյալ զուգահեռ «շարժվող» հուզմունքը, լացը, ծիծաղը։

Մեզ հետ զրույցում Էդգար Մեհրաբյանն ասաց, որ մինչ պրեմիերան իր ականջին էլ են հասել անհաճո խոսակցություններ՝ կապված ներկայացման վերնագրի հետ. «Մինչդեռ բեմադրության առանցքում Սարոյանի չորս պատմվածքներն են՝ «Վելվետե շալվարը», «Մրջյունները», «Ֆիլիպինցին ու հարբածը» եւ «Ցուրտ օրը»։ Հաճախ նեղվում ենք չնչին բաներից, սակայն պետք է դրանց թեթեւ նայել։ Գուցե փիլիսոփայություն թվա, բայց ըստ Սարոյանի՝ եթե մրսում ենք կամ գրպաններս է դատարկ, ոչինչ, հոգ չէ, ախր կարեկիցներ ունենք՝ հանձինս ընտանիքի, ընկերների, սիրած էակի եւ այլն»։

Մեր զրուցակիցը, հավանաբար ազդված սարոյանական մտքերով, շարունակեց ասելիքը փիլիսոփայորեն ձեւակերպել. «Չարությանը հարկ չկա չարությամբ պատասխանելու, այն, ինչպես ներկայացման ընթացքում է՝ պետք է շպրտել մի անկյուն, ճզմել, ոչնչացնել, որ տեղը լցվի բարությամբ»։

Բեմադրության մեջ մի հատված կա, որտեղ հերոսները մրսում են եւ ձեռքները չի գնում, որ գոնե մեկ գիրք վառեն՝ տաքանան, անգամ ո՛չ պետքականները, նույնիսկ գերմաներեն գիրքը, ինչը հասանելի չէ իրենց, հերոսներից մեկն էլ ասում է՝ սրբապղծություն է նման պերճախոս լեզու վառելը։ Ի դեպ, բեմադրության ավարտը հիանալի ռեժիսորական լուծում ուներ, այն է՝ բեմը լցվում է գրքերի չգրված, մաքուր էջերով, կարճ ասած՝ իսկական թղթե հրավառություն, որը ռեժիսորի խոսքերով՝ լավի ու լուսավորի սկիզբ է։

Էդգար Մեհրաբյանը նշեց, որ գիրքը, բնականաբար, պայմանական է եւ ինչ էլ որ լինի կյանքում, չպետք է մարդու մեջ արթնանա գազանը, չպետք է չնկատել լույսը ու չգնալ դրա ետեւից, չպետք է դադարել սիրելուց…

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե՝ նման փիլիսոփայությունն իրեն «ներարկել» է արվեստանոցի իր ղեկավարը՝ Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, մեր զրուցակիցը դարձյալ փիլիսոփայորեն պատասխանեց. «Իմ կուրսի ղեկավարը հրաշալի գիտի, թե ինչ բարձրության վրա են Սարոյանի մտորումները գրականության, արվեստի դերի, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ, եւ հետո պարոն Սուքիասյանի հետ քննարկումների արդյունքում է ընտրվել Սարոյան։ Նա միշտ ասում է՝ զգույշ մոտեցիր հեղինակին, հարազատ մնա նրան»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930