Այսօր դասադուլի 5-րդ օրն է, ուսանողները շարունակում են բողոքի ցույցը: Նրանք իրենց մտահոգություններն են հայտնում՝ շարժման հասցեին հնչող քննադատությունների կապակցությամբ. «Ամբողջ ժողովրդի մեջ գիտության մասին քիչ մարդ է հասկանում, գիտնականներն էլ են քիչ: Բայց մյուսները փորձում են որոշում կայացնել: Նայեք մեր դեմ խոսացողներն ովքեր են՝ ադմինիստրատիվ բնույթի մարդիկ են, իրենք խի՞ պիտի գիտության մասին որոշում կայացնեն, հասկանում ենք, դեմոկրատիա է մեծամասնությունը կարեւոր է, բայց այդպես չպիտի լինի, պիտի որոշում կայացեն մարդիկ, որոնք հասկանում են գիտությունից»:
Ուսանողների խոսքով՝ «Մենք չենք ասում մեր ասածը հալած յուղի տեղ ընդունեք, ասում ենք՝ քննարկումներ ծավալեք, կտեսնեք, որ մենք ճիշտ ենք»:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները խոսեցին այն քննադատությունների մասին, որ իրենց շարժումը քաղաքականացված է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի օգնականը՝ Վահան Կոստանյանն ասաց. «Մասնավորապես, շրջանառվում է իմ անունը, քանի որ ես Արարատ Միրզոյանի օգնականն եմ հանդիսանում: Այս ամեն ինչը տեղի է ունենում մարդկանց կողմից, ովքեր իրենց շեֆերի ասածներին երբեք հակառակվելու որեւէ ընդունակություն չեն ունեցել եւ իրենց շեֆերի ասածն իրենց համար մշտապես օրենք է եղել: Իրենց համար երեւի անհասկանալի է, թե ինչպես մարդ կարող է անկախ գործել՝ հաշվի չառնելով այն, թե ինքը որտեղ ու ում հետ է աշխատում»:
Նա ասաց, որ անկեղծորեն ուրախ է, որ պատգամավորի հետ է աշխատում, բայց պատասխանատու կերպով հայտարարում է, որ ինքը եւ իր կողքին կանգնած մյուսները անկախ են իրենց քայլերում. «Որեւէ հրահրումների, որեւէ ուղղորդումների չենք ենթարկվում»:
Նա հայտարարեց, որ եթե շարժման մեջ կան մարդիկ, որոնք կասկածում են դրանում, կարող են բարձրաձայնել:
Ուսանողները շարժվեցին ֆակուլտետների մոտով՝ վանկարկելով՝ «միացեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ