Այսօր ուսանողների դասադուլը շարունակվում է: Նրանք բողոքի ցույց են անցկացնում ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի մետ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը մի քանի հայտարարություն արեց: Նա նախ ասաց, որ մինչեւ հինգշաբթի անակնկալներ են անելու: Հանգստյան օրերին ժամանակ են ունեցել եւ մտածել են այդ ուղղությամբ:
Նա «Հանուն գիտության զարգացման» շարժման մասնակիցների անունից հայտարարեց, որ դատապարտում են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը. «Նվազագույն քվորումով եւ կասկածելի լեգիտիմությամբ նիստի հապճեպ անցկացնումը եւ դրա ընթացքում հանրության լայն քննարկում ունեցող օրինագծեր քննարկելը, դրանց դրական եզրակացություն տալը մի քիչ հարիր չէ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի հանձնաժողովին»:
Դավիթ Պետրոսյանն ասաց, որ մինչ օրս խաղաղ, քաղաքակիրթ պայքարի մեթոդներն են ընտրել, բայց այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, խաթարեց երկու կողմերի հարաբերությունները. «Դա միայն չի վերաբերվում ուսանողներին, վերաբերվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Խորհրդարանը ներկայացուցչական մարմին է. ովքեր ընտրվում են` հաշվետու են ժողովրդի առջեւ: Իսկ այսպիսի օրինագիծն անցկացնելը, որին դեմ են արտահայտվում ուսանողները, դեմ է ամբողջ քաղաքացիական հանրությանը եւ քաղաքական մշակույթին»:
Ուսանողներն անդրադարձան նաեւ իրենց եւ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի, ինչպես նաեւ ԿԳ եւ ՊՆ նախարարների հանդիպմանը. «Արձանագրում ենք, որ փոխզիջման պատրաստակամության բացակայության նման պայմաններում կառավարության ղեկավարի եւ անդամների՝ ուսանողների հետ հանդիպման միակ նպատակը հասարակության մոտ իրենց կերպարի դրական ձեւավորման, շահառուներին լսելու եւ նրանց կարծիքը հաշվի առնելու տպավորության ստեղծումն էր»:
Ըստ նրանց, սա վկայում է միայն դիսկուրսի անհնարինության մասին. «Մեզ մեղադրում են նրանում, որ չկարողացանք մեր մտահոգություններն ու քննադատությունները ամբողջությամբ տեղ հասցնել, բայց մենք այս կարծիքին դեմ ենք: Բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են հանդիպման մասին կարծիք հայտնել, խորհուրդ ենք տալիս դիտել ամբողջ հանդիպման տեսանյութը: Մենք հանդիպման ընթացքում փորձում էինք այնպիսի ձեւաչափ գտնել, որ հնարավորություն կստեղծեր բարձրաձայնելու մեր մտահոգությունները: Բայց քանի որ այդ ցանկությունը միայն մեր կողմից էր գալիս՝ բարդ էր»:
Դավիթ Պետրոսյանն ասաց, որ կառավարության անդամները առաջարկություններ էին ուզում՝ օրենքի ընդունումից հետո, իսկ «մենք դեմ ենք, որ օրենքն ընդունվի, չէ՞»:
Նա կոչ արեց դասախոսներին, ուսանողներին՝ միանալ իրենց ուսանողական շարժմանը՝ հանուն մեկ նպատակի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ