Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվարամատչելի ժայռի կատարին. ինչպե՞ս է նորոգվում Քոբայրավանքը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 12,2017 23:50

Գլխավոր ավտոճանապարհից Քոբայրավանք հնարավոր է հասնել միայն ամենագնաց ավտոմեքենայով կամ մեկ կիլոմետրը ոտքով կտրելով՝ հիանալով Լոռվա աշնան գույներով: Մյուս ճանապարհը տեղացիները «սելի ճամփա» են անվանում: Խոնարհված, սակայն, միեւնույնն է՝ վեհաշուք Քոբայրի վանքը ժայռի կատարին է: Միջնադարյան վանական համալիրի ամրակայման աշխատանքներին հետեւելու եկած Մշակույթի նախարարին եւ լրագրողներին վերեւ են բարձրացնում շինարարական վերելակով. ոմանք էլ նախընտրում են ժայռի փեշերով բարձրանալ՝ թափվող ջրաշիթերի ու քարանձավերի մոտով:

Ժամանակին Հայաստանի գիտամշակութային հայտնի կենտրոն եղած Քոբայրավանքն ամբողջությամբ վերականգնել հնարավոր չէ, սակայն խնդիր է դրված ամրակայման ու որոշակի նորոգման աշխատանքների միջոցով սրբատեղին փրկել քայքայումից: Գլխավոր եկեղեցին եւ սեղանատան արեւելյան ճակատն այժմ ամրակայվում են, իսկ ահա տապանատան զանգակատունն ամբողջությամբ վերականգնված է՝ վերջին մի քանի տարվա աշխատանքի շնորհիվ: Այս տարի նաեւ տարածքի մաքրման եւ պեղման աշխատանքներ են կատարվել: «Եկեղեցու կառույցների որոշ բեկորներ են հայտնաբերվել, նաեւ՝ ուշ միջնադարյան տնտեսական կառույցներ են բացվել: Դրանք փաստում են, որ այստեղ մշտապես բնակեցված վանական գյուղ է եղել»,-լրագրողներին տեղեկացրեց Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:

Արմեն Ամիրյանն էլ ասաց, որ ի տարբերություն Սանահինի վանական համալիրում արձանագրած թերությունների, Քոբայրավանքի նորոգման աշխատանքներից, ընդհանուր առմամբ, գոհ է:

Առաջիկայում Մշակույթի նախարարը կհետեւի Գոշավանքի ամրակայման աշխատանքներին: Նա այցեր է կատարում շինհրապարակներ՝ հուշարձանների նորոգման աշխատանքների հանդեպ հանրային հսկողություն սահմանելու եւ պատասխանատու-շինարարական ընկերությունների աշխատանքի պատասխանատվությունն ամրապնդելու նպատակով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930