Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Եթե ձեր խնդիրը ձեր չծառայելն է, մենք չենք կարող փոխել»

Նոյեմբեր 12,2017 17:40

«Պետության մեջ հնարավոր է այնպիսի գործունեություն, հայրենիքին այնպիսի օգնության տալ, որքան զինվորը»,- սա Հայկի կարծիքն է: Նա տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների նախաձեռնող խմբից է: Անցած շաբաթվա վերջում վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հանդիպմանն ինքն էլ էր ներկա:

«Զինուժ» լրատվական ծրագիրը որոշ մանրամասներ է հրապարակել տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների եւ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի`կառավարությունում տեղի ունեցած

հանդիպումից:Հայկի դիտարկումը զարմացնում է վարչապետ Կարեն Կարապետյանին: «Բայց այս օրենքը մերժում ա՞ դա: Ինչպե՞ս»,- հարցնում է վարչապետը:
«Անգամ այն մարդիկ, որոնք կարող են նույնչափ օգուտ տալ, տանում ենք բանակ»,- շարունակում է երիտասարդը: «Իսկ ո՞վ ասեց, որ ծառայի, գիտնական չի կարող դառնալ, չծառայի`կարող ա: Ինչպե՞ս, ի՞նչ հայտանիշներով ենք որոշելու տաղանդավորին: Ի վերջո, օրենքն ասում է`եթե այս-այս չափանիշներին բավարարում է`տարկետում, եթե ոչ`այս տարբերակը»,- հակադարձում է վարչապետը:
Հայկը նկատում է` սպորտի պարագայում կան այն հստակ չափանիշները, նույն օրինաչափությամբ կարելի է գիտությանը վերաբերվել էլ ինչ-որ չափանիշներ գծել, որոնց դեպքում կգործի տարկետումը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հիշեցնում է` խորհրդարանում ինքն ասել է այդ բաները`միջազգային օլիմպիադաներ, ուսանողական սիմպոզիումներ եւ այլն: Դեմ չէ համանման տարբերակներով գիտության ոլորտում էլ տարկետման տրամադրմանը` կառավարության որոշմամբ`սահմանափակելով այն մարդկանց մանյովրները, որոնք ուզում են այդ քողի տակ չծառայել: «Գիտնականի դեպքում մի քիչ այլ է չափանիշները չափել, բայց անհնար չէ, մենք արդեն փորձում ենք. որերորդ զորակոչն է փորձում ենք իրականացնել եւ ՊՆ-ն այդտեղ կապ չունի:

Տարբեր ԲՈՒՀ-երից տալիս են 100 հոգու ցուցակ, ասում են`էս 7-ը շատ ուժեղ են, էս 30-ը նորմալ, մյուսները բավարար, մենք էլ, ըստ դրա, բաշխումենք այդ ռեսուրսը: Օրինակ, պատմագիտության մեջ շատ բացառիկ դեպք պետք է լինի, որ մարդը 19 տարեկանում շատ ավելի ներդրում ունենա պետության համար, քան ծառայելն է: Բայց դա չի նշանակում, որ ինքը չի կարող պետության հաշվին սովորի, աշխատավարձ ստանա, երեկոյան տուն գնա, գրադարանից օգտվի եւ այլն»,-մանրամասնում է նախարարը`հավելելով, որ այդ ամենի մասին ինքը խոսել է լուսաբանվող ամենատարբեր ձեւաչափերում: «Նախագիծը երբ ես բերում էի, ես հասկանում էի, որ լիքը մարդու խանգարող օրենք ա, բայց ես նաեւ հասկանում էի, որ լիքը մարդու էլ օգնող օրենք ա: Մենք տարկետման իրավունքը կապել ենք անձին, ոչ թե թողել ենք ԲՈՒՀ-ին կամ ԿԳՆ-ին»,-բացատրում է նախարարը:

Հայկը հակադարձում է`մարզիկները չեն գնում բանակ, գիտության պարագայում գնում են, արդյոք տարբերություն չկա: Նախարարը դեմ չէ, կա տարբերություն, քանի որ մարզիկն այդ ընթացքում պետք է մարզվի եւ կրկնի իր արդյունքը, իսկ գիտնականը պետք է իր գիտությունը զարգացնի եւ ներդնի այն պետության պաշտպանունակության բարձրացմանը: Վիգեն Սարգսյանը հիշեցնում է`ինքն ամեն ինչ ասում է`ելնելով նրանից, որ չի ընդունում, որ կա քաղաքացի, որը պետք է երկրի պաշտպանության գործին չմասնակցի: «Մենք էլ չենք ընդունում, բայց պաշտպանությունը միայն սահմանին ծառայելը չէ»,- ասում են երիտասարդները: Վիգեն Սարգսյանը համամիտ է. «Իհարկե, նաեւ ռազմամարդյունաբերական համալիրում նոր զինատեսակ ստեղծելն է, բայց դրանք բացառիկ դեպքեր են եւ դրանց համար կան կառավարության որոշումներ: Եթե ապագա Վիկտոր Համբարձումյան է եւ դա ակնհայտ է իր 19-20 տարեկանում»:

Հրապարակված տեսանյութի մյուս հատվածում վարչապետ Կարեն Կարապետյանն է իր անհամաձայնությունը հայտնում. «Դուք ասում եք, երկու տարվա ընդհատումը կբերի լեզվական, մյուս-մյուս բաների ընդհատման: Դե եկեք բոլոր ուսանողներին տարկետում տանք»: Երիտասարդները փորձում են հիմնավորել, որ մի բան է, որ երիտասարդը 18 տարեկանում է գնում ծառայության, ուրիշ է, երբ մի քանի տարի համալսարանում սովորածներն են գնում: Տղաներից մեկն էլ նկատում է. «Ծառայելն իմ ծրագրերի մեջ չէր մտնում, եթե մտներ, ես 18-ում կծառայեի»: Վարչապետը զարմանում է. «Իսկ ինչու չէր մտնում, բա ո՞վ պիտի գնար ծառայեր»:

Միջամտում է պաշտպանության նախարարը. «Եթե ձեր խնդիրը ձեր չծառայելն է, մենք չենք կարող փոխել: Ես չեմ կարծում, որ ճիշտ է, որ վարչապետը կամ նախարարը ձեր հարցերը քննարկեն: Եթե երեւույթն ենք քննարկում, մենք ներկայացրել ենք`բակալավրիատում կամ ասպիրանտուրայում սովորողը ունի տարբերակ`դառնալու սպա, որպես քաղծառայող: Եթե որեւէ մեկը բացառիկ գիտնական է, CV-ն բերեք, մենք կքննարկենք եւ կազատենք, իբրեւ բացառիկ գիտնականի: Այլ տարբերակ չկա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930