«Զինուժ» լրատվական ծրագիրը որոշ մանրամասներ է հրապարակել տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների եւ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի` կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից: «Տարկետում անպայման լինելու է: Ես վստահ չեմ, որ դուք օրենքի նախագիծը կարդացել եք ամբողջությամբ: Հուսով եմ, որ կարդացել եք, որովհետեւ ձեզ վրա վերցնում եք պատասխանատվություն`հասարակությանն իրազեկելու եւ մոբիլիզացնելու այդ օրենքի շուրջ: Իսկ դա իր հետեւանքներն ունի»,- երիտասարդներին այսպես է դիմում պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Եթե կարդացել եք նախագիծը, կարծում եմ տեսել եք մի բան`25 տարվա ընթացքում առաջին անգամ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացուն, ով Սահմանադրությամբ պետք է պարտադիր զինծառայություն անցնի, ընտրության հնարավորություն է տալիս»:
Վիգեն Սարգսյանը մանրամասնում է`չորս ընտրության հնարավորություն է լինելու: Ասում է`դա պետության համար եւ ծախս է եւ բեռ` ֆինանսական, ռեսուրսային, կազմակերպչական եւ մարդկային: «Բայց դրանք խորը մտածված առաջարկություններ են, որոնք միտված են երկիրն առաջ տանելուն»,- ասում է Վիգեն Սարգսյանը`հավելելով, որ սա մարդկային ռեսուրսների պակաս լրացնելու խնդիր չէ: Ասում է` մարդկային ռեսուրսները համալրելու շատ ավելի պարզ մեթոդներ կան: Դրանց մասին ինքը խոսել է խորհրդարանում: Օրինակ, բակալավրիատի, մագիստրատուրային, ասպիրանտուրայի տեղերը երեք անգամ քիչ կարելի էր նախատեսել, քանի որ 12-րդ դասարանի շրջանավարտները երեք անգամ քիչ են լինելու. «Ու սաղ վերջանում է: Բայց դրա փոխարեն, մենք 500 տեղ տալիս ենք այն 18 տարեկաններին, որոնք ուզում են բանակ գնալ, որպես սպա, ոչ որպես շարքային: Բայց եթե դուք ասում եք`կա կատեգորիա, որը պետք է չծառայի, ես դրա հետ սկզբունքորեն համաձայն չեմ եւ որեւէ ցույց, դասադուլ ինձ հակառակի մեջ չի համոզի»:
Ապա նախարարը ուսանողներին առաջարկ է անում, որն իր համոզմամբ, բոլոր խնդիրները կլուծի: «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության մասին» օրենքները ներդնելու համար պահանջվելու է 70-ից ավելի կառավարության որոշումներ, որոնցից տարկետման իրավունքին վերաբերվողները լինելու են 7-8-ը: Դրանք վերաբերվելու են «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին: «Եթե դուք մտահոգ եք նրանում, որպեսզի գիտական ներուժ ունեցող երիտասարդը չզորակոչվի ընդհանուր ալիքի տակ, եթե ձեր իրական մտահոգությունն այն է, որ գիտական ներուժ ունեցող մարդու ներուժն անպայման օգտագործվի, ես վարչապետի եւ իմ գործընկերների ներկայությամբ երաշխավորում եմ, որ հենց ձեր նախաձեռնող խումբն անպայման ներգրավված կլինի այդ որոշումների մշակման գործընթացում: Իրականում այդ գործընթացից է կախված այս ծրագրի արդյունավետությունը: Եթե դա ձեզ հետաքրքիր է, կարծում եմ, աշխատանքի մեծ դուռ կարող է բացվել»,- ասում է Վիգեն Սարգսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ