Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը ժամանել էր Վաշինգտոն փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման համար: Մամուլի համար փակ հանդիպումը տեղի ունեցավ նախատեսվածից մեկ օր անց, քանի որ փոխնախագահը մեկնել էր Թեքսաս:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տրամադրեց որոշ մանրամասներ հանդիպման մասին: «Փոխնախագահը շնորհակալություն հայտնեց վարչապետին գլոբալ անվտանգության բնագավառում Թուրքիայի կատարած ներդրումների և Դաեշ-ի դեմ պայքար մղելու համար: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիային Քրդական բանվորական կուսակցության և այլ «ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում»: Փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայում արտակարգ իրադրության ռեժիմի պարագայում ԱՄՆ-ի քաղաքացիների, հյուպատոսական ծառայության աշխատակիցների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ձերբակալությունների կապակցությամբ և կոչ արել թափանցիկ ու բաց գործընթաց ապահովել այս գործերի հետաքննման ընթացքում»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը:
Պետքարտուղարության խոսնակը «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է, որ փոխնախագահ Փենսը վարչապետ Յիլդիրիմի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի վերաբերյալ հարցը, ով ձերբակալվել էր Թուրքիայում մեկ տարի առաջ թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով:
«Մենք ցանկանում ենք, որ մեր մտահոգությունները, կապված մեր քաղաքացիների ձերբակալությունների հետ, փարատվեն: ԱՄՆ-ը ևս ունի նման խնդրանքներ, ուստի դիվանագետներն այժմ աշխատում են այս խնդիրների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները վերջերս ընդգծել են, որ ցանկանում են վերացնել տարաձայնություններն ու զարգացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Վերլուծաբանները կարծում են, սակայն, որ Էրդողանի գործողությունները խոչընդոտ են հարաբերությունների զարգացման համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: