Լրահոս
Օրվա լրահոսը

Դարչնաոլորներ` cinnamon rolls

Նոյեմբեր 12,2017 12:31

Դարչինով խմորեղենները տարբեր ազգերի խոհանոցներում շատ սիրված եւ ընդունված տեսակներից են: Այսօր առաջարկում եմ ամերիկյան հայտնի դարչնաոլորի` cinnamon roll-երի բաղադրատոմսը` անչափ նրբահամ եւ բուրումնավետ թխվածք, որը կդառնա ձեր ընտանիքի սիրելի քաղցրավենիքներից մեկը:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

Ալյուր-0,5 կգ

Աղ-0,5 թեյի գդալ

Չոր խմորիչ- 1 ոչ լիքը ճաշի գդալ

Ջուր-0.5 բաժակ

Կաթ- 1 բաժակ

Ձու- 2 հատ

Կարագ- 50 գրամ (1/4 տուփ)

Մեղր- 2 լիքը ճաշի գդալ

 

Լցոնի համար

Կարագ- 100 գրամ (կես տուփ)

Եղեգնաշաքար (շագանակագույն շաքարավազ)- 200 գրամ

Աղացած դարչին- 2 լիքը ճաշի գդալ

Ընկույզ- կես բաժակ (պարտադիր չէ)

Կրեմ-ջնարակի (глазурь) համար

Սերուցքային պանիր ( cream cheese)-100 գրամ

Շաքարի փոշի- 1 բաժակ

Կարագ-50 գրամ

 

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստում ենք խմորը: Ալյուրը մաղեք խորը թասի մեջ: Մի անկյունում լցրեք խմորիչը, մյուս կողմում` աղը: Խմորիչն ու աղը իրար ցանկալի է չհպվեն` չոր վիճակում, իրար հետ «լավ» չեն:

Կարագը հալեցրեք, լցրեք ջրի եւ կաթի խառնուրդի մեջ, ավելացրեք մեղրը եւ ողջ խառնուրդը գոլացրեք` մինչեւ 40-42 աստիճան:

Զգուշորեն ավելացրեք ալյուրին: Ավելացրեք նաեւ նախապես հարած ձվերը:  Լավ խառնեք փայտի գդալով, ծածկեք մաքուր սրբիչով եւ դրեք հանգստանալու մոտ մեկ ժամ:

Մեկ ժամից, երբ խմորը որոշ չափով բարձրացած կլինի, նորից լավ խառնեք, ծածկեք եւ այս անգամ դրեք սառնարան` առնվազն 8 ժամով: Նկատենք, որ մինչեւ 2-3 օր կարող եք սառնարանում պահել: Սառնության մեջ խմորիչը շարունակում է իր գործն անել` ավելի երկար ժամանակով եւ ավելի լավ արդյունքով: Կարող եք նախորդ երեկոյան պատրաստել խմորը եւ առավոտյան սկսել թխելը` նախաճաշին բուրումնավետ դարչնաոլորներ մատուցելու համար:

 

8-10 ժամը լրանալուց հետո սառնարանից հանեք ձեր խմորը եւ լցրեք ալյուրապատ տախտակի վրա: Ի դեպ, մինչեւ սառնարան դնելը խմորը բավականին թույլ է լինում` գդալով խառնելու չափ: Սակայն սառելուց եւ առնվազն 2-3 անգամ «աճելուց» հետո` այն դառնում է բավականին հասուն եւ պինդ` գրտնակվելու պատրաստ խմոր:

 

Վրան նույնպես ալյուր ցանեք եւ գրտնակեք` մոտ 1 սմ հաստությամբ ուղղանկյուն խմոր:

Լցոնի համար նախատեսված կարագը հալեցրեք, վրան լցրեք շագանակագույն շաքարավազն ու դարչինը, լավ խառնեք: Լցոնը տարածեք խմորի ողջ մակերեսի վրա` եզրերից թողնելով 1սմ-ական տարածք, որպեսզի փաթաթելիս լցոնը դուրս չգա: Եթե ուզում եք ընկույզով ռոլլեր լինեն, կես բաժակ ընկույզը խոշոր կտրատեք եւ լցոնի վրա շաղ տվեք:

 

Սկսեք փաթաթել խմորը ռուլետաձեւ` զգուշությամբ եւ հավասար: Դառնում է մի մեծ գլանակ: Շատ սուր դանակով այդ գլանակը կտրատեք 2-3 սմ լայնությամբ կտորների: Խորը հրակայուն ամանի հատակին յուղաթուղթ փռեք եւ դարչնաոլորները տեղավորեք մեջը` միմյանցից որոշակի հեռավորության վրա, քանի որ հերթական հասունացումից հետո նրանք նորից մեծանալու են եւ հպվեն իրար: Ծածկեք սրբիչով եւ դրեք տաք տեղ` վերջնական հասունացման համար:

Մեկ-երկու ժամ անց կարող եք ձեր դարչնաոլորները դնել 180-190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Եփվում է մոտ 35-45 րոպե` մինչեւ լավ ոսկեգունելը:

Այդ ընթացքում պատրաստեք ջնարակը: Սենյակային ջերմաստիճանի կարագը, սերուցքային պանիրն ու շաքարի փոշին խառնեք էլեկտրական հարիչով կամ փայտե գդալով, մինչեւ դառնա միատարր զանգված:

Կարող եք սերուցքային ջնարակի փոխարեն դարչնաոլորների վրա լցնել կարամելային թանձրուկ: Մեր սուպերմարկետներում վաճառվում են պատրաստի կարամելային թանձրուկներ:

Երբ դարչնաոլորները պատրաստ լինեն, հանեք ջեռոցից, թողեք 10 րոպե` գոլանա, ապա վրան լցրեք սերուցքային ջնարակը կամ կարամելային թանձրուկը: Կարող եք մատուցել միանգամից` գոլ վիճակում: Բարի վայելում:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anna says:

    Հարգելի Մելանյա,
    Բաղադրիչների ցանկում նշված է ջուր, տեքստում՛ կաթ, և՛ մեկն է պետք, և՛ մյուսը? Նաև ձվի մասին տեքստում գրված չէ։

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Շատ շնորհակալություն դիտողության համար, հարգելի Աննա: Արդեն շտկեցի տեքստը` հարկավոր է ե’ւ կաթ, ե’ւ ջուր:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930