Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի 25-ամյակի արարողությանը ներկա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց. «Այս միջոցառումը մասսայական սպորտի զարգացմանն ուղղված եւս մի քայլ է ու խթան: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան կայացած ֆեդերացիա է, որը ցույց է տալիս՝ արեւելյան մարտարվեստները եւս կարող են կանոնակարգված աշխատանքով հասնել շատ բարձր արդյունքների եւ քո երկիրը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում: Այս ուղղությամբ մեր աշխատանքի շնորհիվ մարտարվեսի մի քանի ֆեդերացիաներ միավորվել են, ճանաչվել նախարարության կողմից: Եվ մենք արդեն աջակցելու ենք այնպես, ինչպես մյուս մարզաձեւերին:
Արեւելյան մարտարվեսներով զբաղվողները հազարներով են հաշվվում, սակայն նրանց զգալի մասը մարզվում է չարտոնագրված ֆեդերացիաներում: Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի երեխաները ճիշտ ֆեդերացիաներում մարզվեն, որպեսզի որեւէ կորուստ չունենանք, որպեսզի նրանք մի քանի ձեւական միջոցառումներ անցկացնող ֆեդերացիաներում չկորչեն: Այդպիսի ֆեդերացիաները սպորտի հետ առնչություններ չունեն», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ