Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մեր առաջ խնդիր է դրված պոկվել Ադրբեջանից եւ ստանալ համաձայնագիրը»

Նոյեմբեր 11,2017 12:04

Նոյեմբերի 11-ին «Հոդված 3» ակումբը կազմակերպել է հանրային քննարկում «Բրյուսելի գագաթաժողովից առաջ. ինչպե՞ս է ազդում Կատալոնիայի ճգնաժամը ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարի վրա» թեմայով:

«Մենք ավելին ենք պլանավորում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ որոշել ենք հրավիրել խորհրդարանական լսումներ, ինչը նաեւ քաղաքական մեսիջ է, առ այն, որ Հայաստանը գնում է ստորագրման….Եղած խնդիրներով հանդերձ, մենք հասնում ենք նրան, Հայաստանը ամենավառ օրինակը կդառնա ԵԱՏՄ անդամ երկրներից, կձերբազատվենք կարծրատիպից, որ ԵՄ-ն միայն Վրաստանին է առանձնացնում: Մեր առաջ խնդիր է դրված պոկվել Ադրբեջանից եւ անպայման ստանալ այդ համաձայնագիրը»,-ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, նոյեմբերի 24-ին ստորագրվում է փաստաթուղթը, այնուհետեւ կլինի ԱԺ վավերացում, նաեւ պետք է 28 անդամ խորհրդարանների համաձայնությունը լինի: Արմեն Աշոտյանը հիշեցնում է, որ 2019 թ. մայիսի վերջին ԵԽ նոր ընտրություններն են, եթե իսկ եթե Հայաստանն ուզում է վավերացնել փաստաթուղթը նոր խորհրդարանի շրջանակում, մեզ քիչ ժամանակ է մնում. «Համաձայնագիրը անցումային դրույթներով էլ գործելու է միանգամից, մինչեւ համաձայնագրի պատշաճ վավերացում անցնելը…Խոսքը մասնավորապես այն դրույթների մասին է, որոնք բխում են գործընկերության գերակայությունից մինչեւ 20 թվական, որը ենթադրում է ֆինանսական, բյուջետային աջակցություն»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Ելքը» կողմ է, որ պրոցեսը մինչեւ վերջ տարվի, եւ ստորագրվի շրջանակային համաձայնագիրը եւ որեւէ դրույթ, ռեֆորմ, իմիտացիայի տեսք չստանա ու մեր քաղաքացիները քաղեն այն օգուտները, որոնք դրված են համաձայնագրի հիմքում: Նա կարծիք հայտնեց, որ սա ասոցացման պայմանագրի այն տարբերակն է, որի դրույթները չեն հակասում ԵԱՏՄ անդամությանը:

Միեւնույն ժամանակ Մարուքյանը գտնում է, որ ՀՀ-ում քաղաքական, քաղաքացիական ազատությունները դադարել են, ակնհայտ հետընթաց կա մի շարք ոլորտներում, ոչ մի երկրում ընտրությունները նման ձեւով չեն անցնում, նույնն է վիճակը կոռուպցիայի, տնտեսական ազատականության ոլորտներում: «Մեր գնահատմամբ, Հայաստանը վերջին չորս տարիներին հետընթաց է ապրել՝ չստորագրելով պայմանագիրը: Չորս տարի տանջվել, հետ ենք գնացել»,-ասում է «Ելք» խմբակցության պատգամավորը: Նա նաեւ գտնում է, որ խնդիրներ կարող են լինել միայն Արեւելյան գործընկերության գագաթաժողովին դեկլարացիայի տեքստի հետ կապված, իսկ ընդհանրապես որեւէ խնդիր այս պահին չկա. «Այս պահին չկա որեւէ խոչընդոտ, որ Հայաստանը մասնակցի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին»:

Էդմոն Մարուքյանի ձեւակերպմամբ, մենք շահեկանորեն առանձնանում ենք Բելառուսից, Ադրբեջանից, եւ եթե համաձայնագիրը ստորագրվի, ավելի առաջ կանցնենք:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ սա խորթ, անկապ սկզբունքներով փաստաթուղթ չէ. «Հայաստանը ստանձնում է պարտավորություն իրականացնել իր Սահմանադրության մեջ ամրագրված կետերը եւ միջազգային պարտավորությունները, իսկ ԵՄ-ն պատրաստվում է ցույց տալ դրանց իրականացման արդյունավետ ճանապարհները»,-ասում է Իգիթյանը: Նա չի բացառում, որ որևէ երկրի կողմից խոչընդոտ կլինի ինչ-ինչ պատճառներով: Նրա ասելով, Հայաստանն արդեն նախաստորագրել է փաստաթուղթը, իսկ դա նշանակում է, որ որեւէ խոչընդոտող կետ չի տեսել, որ խանգարի մեր երկրի շահերին եւ առաջընթացին:

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի խոսքով՝ համաձայնագիրը մի կողմից Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ: Նրա ասելով, բոլոր հիմնական դրույթներն այսպես թե այնպես սահմանված են ՀՀ Սահմանադրության մեջ, այսինքն` առանց համաձայնագրի էլ պետք է հարգվեն մարդու իրավունքները: Նա նաեւ կարեւորեց նաեւ այն հարցը, թե ո՞ր քաղաքական ուժն է ստանձնելու համաձայնագրի դրույթների իրականացումը: Ղազինյանը նաեւ հավելում է. «Ինչու է թվում, թե Եվրոպական Միությունն ապրում է միայն Հայաստանով»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս է ազդում Կատալոնիայի ճգնաժամը ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարի վրա, Ղազինյանը հետեւյալ կերպ է պատասխանում. «ԵՄ օրակարգում դրված չէ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման հակադրության հարցը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930