Շատերն այս ժամանակահատվածում չեն կարողանում ձեռնպահ մնալ մրսածությունից, գրիպից, բրոնխիտներից: Չկանխարգելելու եւ չբուժելու հետեւանքով առաջանում են տհաճ երեւույթներ, որոնք կարող եք անցկացնել բնական միջոցներով:
Որպես խորխաբեր միջոց բնաբույժներն առաջարկում են 1 ճաշի գդալ մանրացված հարթ մատուտակի կոճղարմատին՝ արմատներով, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել եռացող ջրաբաղնիքի վրա 20 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ջրաթուրմի ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3-4 անգամ:
Խորխաբեր միջոց է նաեւ հետեւյալ պատրաստուկը. 1 ճաշի գդալ չորացրած եզան լեզվի տերեւներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, քամել: Ընդունել 2 ճաշի գդալ՝ օրը 2-3 անգամ:
Բրոնխիտների ժամանակ եւս կարող եք մատուտակի օգնությանը դիմել՝ պատրաստելով հետեւյալ բուժամիջոցը. 30 գրամ մանրացված կոճղարմատին՝ արմատներով, ավելացնել 0,5 լիտր ջուր, եռացնել 10 րոպե մարմանդ կրակի վրա, թրմել 1-2 ժամ, քամել: Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 4 անգամ:
Բրոնխիտների ժամանակ մեկ այլ բուժամիջոց էլ առաջարկվում է եզան լեզվի տերեւներով. 2 ճաշի գդալ տերեւներին ավելացնել 1 բաժակ եռացրած սառեցրած ջուր, թրմել 8 ժամ, քամել: Ընդունել 1 բաժակը օրվա ընթացքում:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
10.11.2017