Այսօր «Օլիմպավանում» կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքի ավարտից հետո նախագահ Արթուր Գեւորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
– Համագումարն ինչ գնահատական տվեց 2017 թվականին ֆեդերացիայի աշխատանքին:
– Լավ: Բացառիկ տարի էր: Ութ տարի մենք Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի մեդալակիր չէինք տվել: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ բռնցքամարտիկը Գյումրիից Հովհաննես Բաչկովն է, իսկ Գյումրին Եվրոպայի չեմպիոն ունեցել էր 30 տարի առաջ՝ Մեխակ Ղազարյանը, հանրապետության երկրորդ քաղաքը ոգեւորության կարիք ուներ:
– Որպես ֆեդերացիայի նախագահ ինչպե՞ս եք գնահատում աշխատանքները մարզերում:
– Մարզեր կան, որոնք բավականին ակտիվ են, մարզեր էլ կան, որ պասիվ են: Ով լավ է աշխատում, նա լավ արդյունք է տալիս: Երկու տարի առաջ մենք դժգոհ էինք Գյումրիի աշխատանքից: Իրենք հետեւություններ արեցին, արագ կողմնորոշվեցին եւ այսօր բացառիկ արդյունք են ցույց տալիս: Արդեն տեղական մակարդակի մրցաշարեր են անցկացնում: Այսօր բավականին շատ մարզեր ունենք, որտեղ բռնցքամարտի վիճակը զրոյական է: Ընդհանուր քաղաքականություն է պետք մշակել, ինչը կքննարկենք նախարարության հետ, քանի որ դա մեր գործառույթը չէ: Մենք միայն օգնող ենք: Մենք մեր մասնագիտական ունակություններով պատրաստ ենք միշտ աջակցել, օգնել:
– Եկող տարվա ֆեդերացիայի ծրագրերի մասին կխոսե՞ք:
– Երբ միջազգային ֆեդերացիան տարեկան միջոցառումների պլանը ներկայացնի, այդ ժամանակ ավելի առարկայական կխոսենք: Ցավոք, առայժմ 2018-ին մեծահասակների ոչ աշխարհի առաջնություն կա, ոչ Եվրոպայի: Նախատեսվում է միայն մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնություն, որը ներառում է մեծահասակների տարիքային խումբ նոր ոտք դրած բռնցքամարտիկներին: Մենք բացը կլրացնենք միջազգային խոշոր մրցաշարերի մասնակցելով, հիմնականում հարեւան երկրների հետ ընկերական մրցամարտեր անցկացնելով, Հայաստանում եւ դրսում հավաքականների մակարդակով համատեղ հավաքներ կազմակերպելով: 2018 թվականը, ըստ էության նախապատրաստության տարի է լինելու:
– Օլիմպիական վարկանիշային մրցաշարերը երբվանի՞ց է սկսվելու:
– Հիմնականում 2019 թվականից: Թե ի՞նչ ձեւաչափով, դեռ հայտնի չէ: Ամեն օլիմպիական շրջափուլում որոշակի փոփոխություններ են լինում:
– Համաժողովում ելույթ եղավ, իբր լրատվամիջոցները փնովում են բռնցքամարտի մարզիչներին: Դուք նո՞ւյնպես այդ կարծիքի եք:
-Ոչ: Ես նման բան չեմ տեսել: Լավ աշխատողին ասում են լավ է աշխատում, վատին՝ վատ: Կամ լռում են:
-Ֆեդերացիան մարզիչների որակավորման քննություններ է կազմակերպում: Մրցավարների մասին ի՞նչ կասեք:
-Մարզիչների որակավորումը կարեւոր է նաեւ նրանով, որպեսզի ծնողն իմանա թե երեխային ում է վստահում: Մրցավարների մասին. հիմա ունենք միջազգային կարգի չորս մրցավար, որոնցից երկուսն են գործող: Սա եւս լուրջ ու բարդ խնդիր է, որի ուղղությամբ էլ պիտի աշխատել: Մեկ, երկու աստղ ունեցող մեր մրցավարներին պետք է հնարավորություն ընձեռել երեք աստղի քննություն հանձնելու եւ որակավորում ստանալու համար, որպեսզի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում աշխատելու իրավունք ունենան: ԱԻԲԱ-ն այդպիսի քննություններ տարվա մեջ մի քանի մրցաշարերում կազմակերպում է թե մարզիչների, թե մրցավարների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ