2015 թվականին Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով այսօր դատարանի հետազոտած գործի նյութերի թվում էր նաեւ օդանավակայանի մերձակայքում կատարված քննչական փորձարարության արձանագրությունը:
Հիշեցնենք, որ ըստ նախաքննության մի վարկածի՝ «զինված խումբը» քննարկել է թռիչքի պահին «Զվարթնոց» օդանավակայանի անմիջական հարևանությամբ գտնվող Արևաշատ գյուղի տարածքից ՀՀ նախագահի ինքնաթիռը գնդացրով խոցելու հնարավորությունը, սակայն այդ ուղղությամբ կոնկրետ նախապատրաստական գործողություններ չեն կատարվել:
Ամբաստանյալ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը փորձարարությունը տեղազննության հետ համեմատեց: Նրա խոսքով, փորձարարության արդյունքների մասին տարակուսանք հայտնող ամբաստանյալներն ավելի ճիշտ են, քան՝ իրավաբանը:
Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանին հիշեցրեց իր ավելի վաղ կատարած հայտարարությունը, որով նա հաստատված է համարել, որ ստեղծվել է հանցավոր համագործակցություն, որին անդամակցել են մարդիկ:
«Այդ դեպքում, ինչպե՞ս կարող է դատավորը օբյեկտիվ քննություն իրականացնել»,- հարցրեց պաշտպանը՝ խոստանալով, որ դրա վերաբերյալ ինքը ավելի ուշ միջնորդություն կներկայացնի:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ