ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց ուսանողների բողոքի ցույցերի առիթ դարձած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ նախագծով սահմանափակվում է տարկետման իրավունքը:
ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը քննարկման ընթացքում զարմանք հայտնեց նախագծից բողոքողների մասին. «Չեմ հասկանում այն մարդկանց մոտեցումները, որոնք ընդհանուր բոլորին նույն կարգավորումները տալու եղանակին դեմ են: Դրա համար ես խրախուսում եմ եւ կողմ եմ քվեարկելու այս նախագծին: Ընդհանուր առմամբ բարեփոխումները ակնհայտ են օրենքի նախագծում»:
Հանձնաժողովի նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ իր գոհունակությունը հայտնեց նախագծի հետ կապված: Ըստ նրա, «Նախագիծը խիստ արդիական է, թելադրված է ժամանակի պահանջներից եւ նախագծում ես լուրջ հավասարության էլեմենտներ եմ տեսնում, որը բխում է մեր հասարակության շահերից: Գիտության բնագավառում հաջողություն կերտելու համար նախագիծը որեւիցե կերպ որեւիցե մեկին չի խոչընդոտում: Ընդհակառակը, հնարավորություն կտա, որ գիտությամբ զբաղվեն մարդիկ, որոնք շնորհք ունեն եւ իրավունք ունեն գիտությամբ զբաղվելու, ոչ թե ուղղակի հետագայում լրացնենք գիտությունների թեկնածու վաղուց հնացած, մաշված եւ շատ ժամանակ նույնիսկ կասկածելի թեզը: Օրենքի նախագծին պետք է տանք հավանություն: Ես կողմ եմ քվեարկելու»:
Նիստին ներկա բոլոր 4 պատգամավորները կողմ քվեարկեցին երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծին: Այն կքննարկվի լիագումար նիստում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ