Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց. «ՀՀ պաշտպանության մասին օրենքի նախագիծը»՝ երկրորդ ընթերցմամբ:
Արտակ Զաքարյանը նշեց, որ առաջարկություններ են ներկայացրել բոլոր խմբակցությունները. «Առաջարկություններ են ներկայացվել ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կողմից, մի մասն ընդունվել է, համապատասխան փոփոխություններ են արվել նախագծում: Դրանք հիմնականում խմբագրական բնույթի լրացումներ են: Առաջարկություններ են ներկայացրել նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորները:
Քանի որ ներկայացված առաջարկությունները հիմնականում պաշտպանության քաղաքականության հարցում նորամուծությունների տեսք ունեն, բավականին բարդ է պատկերացնել ՊՆ գլխավոր շտաբի կառուցվածքի նոր մոդել, աշխատակազմի սահմանում, դրա համար նաեւ որոշակիորեն առաջարկները համահունչ չեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կառուցվածքին, հիմնական գործառույթներին: Ոչ արդյունավետ կառավարման առջեւ էր կանգնելու Գլխավոր շտաբը, եթե սա դնեինք օրենքի հիմքում: Դրա համար հիմնավորումներով այս առաջարկները չենք ներառել»:
Արտակ Զաքարյանն ասաց, որ լիագումար նիստում կքննարկեն, թե որ առաջարկն ինչու են մերժել:
Նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ Ալիկ Սարգսյանը նիստում ներկայացրեց «Ելքի» 8 առաջարկները, որոնք առանձին-առանձին դրվեցին քվեարկության: Դրանք վերաբերում էին ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատակազմին, կանոնադրությանը, ԳՇ պետի նշանակմանը: Բոլոր առաջարկները մերժվեցին:
Իսկ նախագիծը 4 կողմ ձայներով ընդունվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ