ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց ուսանողների բողոքի ցույցերի առիթ դարձած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ նախագծով սահմանափակվում է տարկետման իրավունքը:
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ իրենք ուզում են օրենքը որքան հնարավոր է շուտ ուժի մեջ մտնի, որովհետեւ իրավական նորովի կարգավորումներ են տրված տարիների ընթացքում կուտակված խնդիրներին: Ըստ փոխնախարարի, եղած ռեսուրսներով էֆեկտիվ կառավարման սկզբունքը կա նախագծում եւ նոր օրենքի գործարկման պարագայում արագ արդյունքներ են գրանցելու:
«Տարկետման սկզբունքը, որը հիմա շահարկվում է, ցավոք, ոչ ճիշտ ձեւով է ներկայացվում, խոսքը բոլորովին էլ տարկետման իսպառ վերացման մասին չէ: Բոլորս էլ տարիների ընթացքում տեսել ենք, որ այն եղանակը, որը գործել է, ոչ պաշտպանության լույսի ներքո է արդյունավետ եղել, ոչ էլ՝ գիտության կամ կրթության վրա է կարողացել ներգործություն ունենալ՝ վնասելով ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա նշեց, որ իրենց առաջարկած տարբերակում հնարավորություն են տալիս քաղաքացուն ե՛ւ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալ, ե՛ւ իր կամքով ընտրել ծառայության տեսակը՝ էլ ավելի բարձր պատասխանատվությամբ ծառայելու համար, ինչպես նաեւ չօգտվել այդ հնարավորություններից: Օրենքը ճիշտ լույսի ներքո դիտարկելիս կտեսնենք, որ նոր հնարավորություններ եւ նոր ճանապարհներ են բացված՝ զինծառայության կազմակերպման, զուգահեռ կրթական փուլերն ապահովելու համար:
Արտակ Զաքարյանն ասաց, որ ներկայացված առաջարկություններից որոշներն ընդունվել են: Կան առաջարկներ, որոնք լավն են,օրինակ՝ Ռուզաննա Մուրադանի առաջարկը, բայց դրա կարգավորումները այլ օրենքում են, նաեւ պահանջում են նոր ֆինանսներ: Գաղափարը լավն է, կփորձեն գտնել ֆինանսական աղբյուրներ՝ այն կյանքի կոչելու համար:
Հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Եթե տաղանդավոր երեխա է, պիտի տարկետում տրվի, ձեր օրենքում տաղանդավոր երեխա հասկացությունը չկա, գոյություն չունի: Պետք սահմանել, թե որն է դա, որ երեխայի մասին է խոսքը, ո՞նց եք որոշելու, թե որ երեխան է տաղանդավոր, պետք է ազատվի, որը՝ չէ»:
Ցոլակյանի կարծիքով, սա կրթության հարց է եւ Կրթության մասին օրենքում պետք է հստակեցվի այս մասը:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ կառավարությունը հետագայում կարող է սահմանել եւ ակնհայտ տաղանդավորներին տարկետում տալ, բայց ոչ թե նրա համար, որ գնան նստեն իրենց տները, այլ՝ արդյունք ցույց տան. «Կառավարությունը պետք է կարողանա չափելի դարձնել, թե ինչն ենք գնահատում՝ որպես քաղաքացու ակնառու ձեռքբերում եւ դա պետք է լինի հանրային ընկալելի, որ մարդիկ հասկանան, դա ոչ թե ինչ-որ մեկի համար աչք փակել է, այլ՝ որ մենք ողջունում ենք այս քաղաքացու նվաճումները եւ հնարավորություն ենք տվել շարունակելու»:
Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ սպորտի հարցում պարզ է, թե որ չեմպիոններին, որ տեղերը գրավածներին են տալու տարկետում, իսկ մյուս դեպքերում դա պարզ չի, պետք է հստակեցվի: Փոխնախարարը համաձայնեց, որ իհարկե, դա խնդիր է, եւ պետք է կարգավորվի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր բողոքի ցույց անող ուսանողները ԱԺ-ի մուտքի մոտ էին եկել եւ ցանկանում էին հանձնաժողովում մասնակցել նախագծի քննարկմանը, բայց նրանց հնարավորություն չտրվեց: Ինչպես պարզ դարձավ երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծից,ՊՆ-ն ուսանողների որեւէ առաջարկ չի ընդունել եւ հաշվի չի առել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ