Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարման ծառայության պատասխանը՝ քաշքշուկների մասին բարձրաձայնող տնտեսագետին

Նոյեմբեր 10,2017 21:12

Ինչպես անդրադարձել ենք, Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանը դեռևս նոյեմբերի 3-ին դիմել էր Aravot.am-ին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության ստեղծած քաշքշուկներից։

Ըստ նրա, վարչական իրավախախտում կատարելու համար իր հաշվեհամարից կրկնակի գանձում է կատարվել, հարկադիր կատարման ծառայությունն էլ տեսնելով՝ վճարումը կրկնակի է կատարված, ծանուցել է քաղաքացուն, որ 7500 դրամը վերադարձնելու են։ Սակայն, Կարեն Պետրոսյանի ասելով, 20 օր է անցել ու դեռ անհայտ է, թե ինչ ճանապարհով են գումարը վերադարձնելու։ Կարեն Պետրոսյանը դժգոհել էր նաև Հայկուշիկ ներկայացող պետական աշխատակցի պահվածքից, որը հարկ չէր համարել ներկայանալ անուն-ազգանունով։

Մենք այս թեմայի շուրջ գրավոր պարզաբանում էինք խնդրել հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Կուրղինյանից։

«Հարգելի Գոհար Կուրղինյան, խնդրում ենք պարզաբանել, թե ինչո՞ւ հարկադիր կատարման ծառայությունը 20 օր շարունակ ձգձգում ու հետ չի վերադարձնում Գյումրի քաղաքի բնակիչ Կարեն Պետրոսյանի հաշվեհամարից կրկնակի գանձված գումարը, որը կազմում է 7500 դրամ։ Ավելին, ըստ քաղաքացու, անպատասխան են թողնում իր՝ [email protected], [email protected] էլեկտրոնային փոստերին ուղարկված նամակները, հրաժարվում են պատասխանել՝ արդյո՞ք իր ուղարկած տվյալները, այն է՝ անձնագրի պատճենն ու բանկային հաշվեհամարը ստացե՞լ են, թե՞ ոչ։

Խնդրում ենք տեղեկացնել, թե ի՞նչ պարբերականությամբ է ստուգվում ձեր կայքում զետեղված էլեկտրոնային փոստը։

Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ի՞նչն է պատճառը, որ հարկադիր կատարման ծառայությունը չի ցանկանում կրկնակի գանձված գումարը վերադարձնել քաղաքացու բանկային հաշվեհամարին, այլ առաջարկում է հասնել Երևան՝ այն հետ ստանալու համար (քաղաքացու բողոքով` Գյումրիից Երևան հասնելն ու վերադառնալը շատ ավելի մեծ գումար է նստում իր վրա) կամ անձնագրի պատճենն ու բանկային հաշվեհամարը ուղարկել փոստի միջոցով, երբ պաշտոնապես ընդունված է էլեկտրոնային նամակագրությունը։

Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ինչո՞ւ է վարչական ակտերի բռնագանձումների բաժնի աշխատակիցը զլանում ներկայանալ անուն-ազգանունով, եթե որպես կոնտակտային տվյալ նշված է այն հեռախոսահամարը, որին պատասխանում է տվյալ պետական ծառայողը։ Կա՞ արդյոք Հայկուշիկ անունով աշխատակից տվյալ բաժնում, որը, ըստ Կարեն Պետրոսյանի, պնդում է, թե ինչպես ուզի, այնպես էլ կներկայանա։

Քաղաքացի Կարեն Պետրոսյանը դժգոհ է նաև Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության աշխատանքից, նրա բնութագրմամբ՝ իր ահազանգերը ձեր կառույցի թեժ գծին ու Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայությանը մնացել են անպատասխան։

Խնդրում ենք նաև անդրադառնալ այս թեմային, թե վերահսկողության ծառայությունը որևէ քայլ ձեռնարկե՞լ է իր ենթակայության տակ գտնվող հարկադիր կատարման ծառայության ստեղծած չինովնիկական քաշքշուկներին վերջ դնելու, կապ հաստատե՞լ է ձեր կառույցի համապատասխան բաժնի պատասխանատուի հետ»։

Ի պատասխան մեր գրության՝ հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Կուրղինյանը այսօր մեզ է ուղարկել հետևյալ պատասխանը՝ կից մի քանի փաստաթղթերով (ոչ բոլորը կարող ենք հրապարակել, քանի որ դրանց մեջ կան քաղաքացու անձնական տվյալները պարունակող փաստաթղթեր)․

«Ս/թ նոյեմբերի 9-ին Ձեր կողմից ուղարկված գրավոր հարցմանը պատասխանելու նպատակով ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը.

Քաղաքացի Կարեն Պետրոսյանի հաշվեհամարից կատարվել է գումարի բռնագանձում պարտավորության՝ 7500 ՀՀ դրամի չափով, միևնույն ժամանակ քաղաքացին ինքը կատարել է նշված վճարումը, ինչի արդյունքում ստացվել է կրկնակի վճարում: Տեղեկացնում եմ, որ Ծառայությունն ինքն է հայտնաբերել կրկնակի վճարման խնդիրը և կապ է հաստատել քաղաքացի Կարեն Պետրոսյանի հետ՝ առաջարկելով վերջինիս ներկայացնել անհրաժեշտ ռեկվիզիտներ, այն է՝ անձնագրի պատճենը և բանկային հաշվեհամարը, կրկնակի գանձված 7500 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու նպատակով:

Կարեն Պետրոսյանն էլեկտրոնային նամակով դիմել է Ծառայություն ս/թ հոկտեմբերի 26-ին (էլեկտրոնային նամակի լուսապատճենը կից ներկայացվում է), որն էլ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի կողմից մակագրվել է հարկադիր կատարողին:

Ծառայությունը կրկնակի գանձած 7500 ՀՀ դրամ գումարը դեռևս ս/թ նոյեմբերի 3‑ին փոխանցել է Կարեն Պետրոսյանի տրամադրած բանկային հաշվեհամարին և միաժամանակ գրությամբ այդ մասին տեղեկացրել քաղաքացուն (բանկային փոխանցման փաստաթղթի և ուղարկված գրության պատճենները կից ներկայացվում են):

Այսպիսով, ինչպես պարզ է դառնում կից ներկայացված փաստաթղթերից, խոսք չի կարող գնալ Ձեր հարցման մեջ մատնանշված 20 օրվա մասին:

Միևնույն ժամանակ Ծառայությունը հայտնում է, որ լինում են կրկնակի գանձման դեպքեր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հարկադիր կատարողը քաղաքացու հաշվեհամարում առկա դրամական միջոցներից բռնագանձում է պարտավորության չափով գումար, որին զուգահեռ, եթե քաղաքացին նույնպես կատարում է վճարում, ապա նույն պարտավորության համար գանձվում է կրկնակի գումար: Սակայն, Ծառայությունը հետևողական է նման խնդիրների բացահայտման և կրկնակի գանձված գումարները հնարավորինս արագ քաղաքացիներին հետ վերադարձնելու ուղղությամբ»:

Նշենք, որ հարկադիր կատարման ծառայությունը քաղաքացուն 7500 ՀՀ դրամ գումարը փոխանցել է ս/թ նոյեմբերի 3-ին, հետաքրքիր զուգադիպությամբ ճիշտ այն օրը, երբ Aravot.am կայքը հրապարակել էր Կարեն Պետրոսյանի բողոքը պարունակող տեսանյութը։

Մեզ ուղարկված փաստաթղթերից մեկով էլ հայտնի է դառնում , որ հարկադիր կատարման ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետ, Արդարադատության մայոր ֆ․Մեղրյանը 7500 դրամի փոխանցման մասին հենց նոյեմբերի 3-ին գրությամբ տեղեկացրել է Կարեն Պետրոսյանին (տես լուսանկարում)։

 

Նկատենք, սակայն, որ քաղաքացու պնդմամբ, ինքը մինչև օրս չի ստացել նման բովանդակությամբ ծանուցում։ Նրա՝ հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային փոստերին ուղղված նամակները, թե անձնագրային տվյալներն ու բանկային հաշվեհամարը ստանալուն պես խնդրում եմ ծանուցեք ինձ, ևս մնացել էին անպատասխան։

Հարկադիր կատարման ծառայության ուղարկած պարզաբանման մեջ, ցավոք, խոսք չկա Հայկուշիկ ներկայացող պետական աշխատակցի ինքնության և պահվածքի մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930