Ինչպես արդեն տեղեկացրել ենք դասադուլի դուրս եկած ուսանողներն ԱԺ ծառայողական մուտքի մոտ սպասում են պատգամավորներին: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու էր Զինապարտության մասին օրենքը, հետաձգվեց:
Ուսանողները ծառայողական մուտքից մեքենաներով դուրս եկող պատգամավորներին տեսնելով՝ գոչում էին՝ «Տարկետում լինելու ա»:
Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ այսօր հաջողություն են գրանցել, քանի որ հակառակ պնդումներին, թե օրինագիծը չընդունվել չի կարող, դրա քննարկումը հետաձգվեց. «Աշխատելու ենք նրա համար, որ ՀՀ-ում ոչ միայն ուսանողը, այլև յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, եթե ունի կարծիք, նա կարող է ազդեցություն ունենալ որոշումների ընդունման գործընթացի վրա»:
Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ «Տարկետում լինելու ա» կոչի ներքո իրենք բարձրացնելու են ավելի լայն շրջանակի խնդիրներ՝ կրթության որակ, կրթության ֆինանսավորման կրճատում և այլն:
Այնուհետև տեղեկացրին, որ ստացել են կրթության խնդիրներով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպություններից առաջարկ մեկ ընդհանուր փաթեթ ձևավորելու համար: Ուստի այդ թեմայով քննարկումներ կընթանան:
Նախաձեռնության անդամները նաև տեղեկացրին, որ վաղը և կիրակի ակցիաները կդադարեցնեն՝ մտածելու հետագա անելիքների մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ