Քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ, ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին դատարան չէին բերել: Դատական նիստերի կարգադրիչները տեղեկացրին, որ կողմերին դատարանը նախապես տեղեկացրել էր, որ նիստ տեղի չի ունենա: Իսկ հաջորդ դատական նիստի մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախորդ դատական նիստին պետք է հրապարակեր այս գործով դատավճիռը, սակայն անսպասելի որոշեց վերսկսել դատաքննությունը:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ վճռի հրապարակման փոխարեն, դատաքննությունն է վերսկսում:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ