Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում պետք է սկսեր ՊՆ-ի ներկայացրած աղմկահարույց օրենքների քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ, այդ թվում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որը պետք է ներկայացներ նախարար Վիգեն Սարգսյանը:
Հանձնաժողովի նիստը վարում էր Ալիկ Սարգսյանը: Հանձնաժողովի անդամների մեծ մասը չէր ներկայացել: Սասուն Միքայելյանը հորդորեց կա՛մ նիստը սկսել, կա՛մ հետաձգել, որովհետեւ իր թոռնիկի ծնունդն էր, շտապում էր: Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով կարող են մինչեւ 3 ժամ հետաձգել հանձնաժողովի նիստը: Մոտ 15-20 րոպե սպասելուց հետո՝ Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ քվորում չկա, հանձնաժողովի անդամ 11 պատգամավորներից գոնե 4 –ը պետք է ներկա լինեին, մինչդեռ 3-ն են, նիստն այսօր չի կայանա: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին՝ երկուշաբթի, ժամը 11-ին:
Մենք Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ բացակայությունները պատգամավորների հարգելի՞ են՝ նա պատասխանեց, որ այս պահին դեռ չգիտի, կպարզի ու եթե պարզվեց, որ հարգելի չեն, հանձնաժողովը համապատասխան քայլեր կձեռնարկի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ