ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում պետք է սկսեր ՊՆ-ի ներկայացրած աղմկահարույց օրենքների քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ, այդ թվում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որը պետք է ներկայացներ նախարար Վիգեն Սարգսյանը:
Մինչ նիստը կսկսեր, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ԱԺ-ի մուտքի մոտ հերթով զանգահարում էին խմբակցություններին եւ խնդրում իրենց համար անցագիր իջեցնել, որ մասնակցեին հանձնաժողովի նիստին:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ որեւէ խմբակցությունից դրական պատասխան չեն ստացել: Նրանք ԱԺ-ի մուտքի մոտ հրապարակեցին իրենց որ պահանջները, որը ներկայացնում ենք ստորեւ:
Հանձնաժողովի նիստը այս անգամ վարում էր Ալիկ Սարգսյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե չի՞ կարող թույլ տալ մասնակցել նիստին: Նա պատասխանեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ինքն իրավունք չունի թույլ տալ երիտասարդներին մասնակցել: Իսկ նրանց առաջարկները քննարկման առարկա դարձնել նիստում, առավել ևս չի կարող: Նա վստահեցրեց, որ անգամ հանձնաժողովի անդամ պատգամավորները չեն կարող առաջարկ ներկայացնել ու այդ առաջարկը դնել քվեարկության:
«Ելք» խմբակցության անդամներ Սասուն Միքայելյանն ու Արտակ Զեյնալյանը ուսանողներից նիստի ընթացքում ստացան նամակ, որտեղ, ըստ երեւույթին նրանց նոր պահանջներն էին՝ հանձնաժողովի նիստում հնչեցնելու համար:
Արտակ Զեյնալյանը Ալիկ Սարգսյանին ասաց, որ մյուս հանձնաժողովներում եղել է, որ ՀԿ-ներից մասնակցել են, այնպես որ, Կանոնակարգը դա թույլ է տալիս: Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ իրենց հանձնաժողովում դա թույլատրված չէ: Եթե նախապես տեղյակ պահեին, որ գալու էին, գուցե լիներ քննարկել, իսկ այսպես հանպատրաստից գալով՝ ներս չեն կարող մտնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ