Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են վերսկսել բարեխիղճ բանակցությունները. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Նոյեմբեր 10,2017 18:00

ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարի Քամիանը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով՝ ողջունելով Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էնդրյու Շաֆերի աշխատանքը Արցախի հակամարտության կարգավորման գործում:

«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը հաջորդեց հոկտեմբերի 16-ին Ժնևում ՄԽ համանախագահների կազմակերպած գագաթաժողովին: Այդ գագաթաժողովը կարևոր ազդանշան էր, որը ցույց տվեց, որ կողմերը պատրաստ են վերսկսել բարեխիղճ բանակցությունները: Մենք գոհ ենք, որ նախագահները համաձայնել են հրատապ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, մենք կողմերին խրախուսում ենք օգտագործել այս դրական պահը և զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից»,- ասել է Քամիանը:

Քամիանը նշել է, որ ԱՄՆ-ը վերահաստատում է իր կոչը կողմերին՝ իրագործել 2016թ. մայիսին և հունիսին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Կողմերը համաձայնել են ընդլայնել գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որը, մենք հույս ունենք, ի վերջի կարտացոլվի 2018թ. ԵԱՀԿ բյուջեում: ԱՄՆ-ը նաև կողմերին խրախուսում է աշխատանքներ տանել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմներ ներդնելու առաջարկն իրականացնելու շուրջ»,- ասել է Քամիանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ինչպես նաև գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ ավստրիացի նախագահի և նրա անձնական ներկայացուցչի համագործակցությունից:

«Մենք նաև պաշտպանում ենք վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ընդլայնված երկխոսությանն ուղղված քայլերը, որոնք օգնել են կայունացնել անվտանգության հետ կապված իրավիճակը և ստեղծել ավելի կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար: Երկխոսության մասնակիցները պետք է կարողանան դա անել ազատ՝ առանց վախենալու, որ տուն վերադառնալուց հետապնդումների կենթարկվեն»,- ասել է նա:

Քամիանը նշել է, որ միաժամանակ կիսում է կողմերի վրդովմունքը առ այն, որ այս հակամարտությունն իսկապես շատ հեռուն է գնացել, և շեշտել է, որ ստատուս քվոն անընդունելի է: «Միաժամանակ, մենք բոլորս համաձայն ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ հակամարտությանը հարատև և խաղաղ լուծում գտնելու հարցում»,- եզրափակել է ԱՄՆ ներկայացուցիչը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930