Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանցակազմ ԵՊՀ պահակների գործողություններում. ներկայացվել է հաղորդում

Նոյեմբեր 10,2017 17:55

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. նոյեմբերի 9-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԵՊՀ անվտանգության և այլ աշխատակիցների կողմից ԲՈՒՀ-երի դռները փակելու փաստի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հաղորդման՝ ԵՊՀ-ում գտնվող ուսանողներին ֆիզիկապես արգելվել էր դուրս գալ այդ հաստատությունից և մասնակցել «Հանուն գիտության զարգացման» հասարակական նախաձեռնության կողմից կազմակերպված դասադուլին ու խաղաղ հավաքին: Հաղորդման պատճեններն ուղարկվել էին նաև ՀՀ Քննչական կոմիտե, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Ոստիկանության ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ նման կերպ ԲՈՒՀ-երի անվտանգության և այլ աշխատակիցները ոչ միայն խախտում են դասադուլ անցկացնելու և խաղաղ ցույցեր կազմակերպելու իրավունքը, այլ նաև կատարում են քրեորեն պատժելի արարք՝ ուսանողներին որոշակի ժամանակահատվածով զրկելով ազատ տեղաշարժվելու ազատությունից և փակի տակ պահելով նրանց:

Հղում անելով մի շարք լրատվական կայքերի՝ հաղորդման մեջ ընդգծված է, որ ԲՈՒՀ-երի անվտանգության աշխատակիցները, որոնց մեծամասնությունը հանդիսանում են մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող տարբեր ընկերությունների աշխատակիցներ, ոչ միայն խախտում են իրենց իսկ՝ որպես պահնորդի, պարտականությունները, ցուցաբերում են ուսանողների նկատմամբ կամայականություններ, այլ նաև կատարում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:

Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված են յուրաքանչյուրի թե՛ ազատ տեղաշարժվելու ազատության իրավունքը, թե՛ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը: Եվ անձին ազատությունից ապօրինի զրկելը սահմանված է որպես քրեորեն պատժելի արարք ՀՀ Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով, իսկ օրինական հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը՝ 163-րդ հոդվածով:

Հաղորդման մեջ անդրադարձ է արվել նաև «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը և արձանագրվել է, որ ԲՈՒՀ-երի անվտանգության աշխատակիցների գործողությունները հակասում և չեն համապատասխանում տվյալ օրենքով սահմանված նրանց պարտականություններին և իրավունքներին:

Այսպիսով, հաղորդման մեջ մատնացույց է արվում, որ առկա են ուսանողներին ԲՈՒՀ-երի տարածքներում ապօրինի ազատությունից զրկելու և օրինական կերպով անցկացվող դասադուլներին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու դեպքեր, պահնորդի կողմից ուսանողի հանդեպ ֆիզիկական ուժի գործադրում, ինչպես նաև պահնորդների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների բազմաթիվ խախտումներ, որոնց համար սահմանված է ինչպես քրեական պատասխանատվություն, այնպես էլ պահնորդական համապատասխան կազմակերպության համար պատասխանատվություն` ընդհուպ մինչև պահնորդական կազմակերպությանը լիցենզիայից զրկում (այդ գործառույթը իրականացնում է ՀՀ ոստիկանությունը):

Հաղորդմամբ պահանջվում է, որ իրավապահները օրենքով սահմանված կարգով իրականացնեն հետաքննություն, բացահայտեն խախտումների և հանցագործությունների դեպքերը, հայտնաբերեն իրական մեղավորներին և ենթարկեն քրեական պատասխանատվության: Միաժամանակ ակնկալվում է, որ ՀՀ ոստիկանությունը կմիջամտի, որպեսզի հետայսու ԲՈՒՀ-երի մուտքի դռները անհարկի չփակվեն, ուսանողները փակի տակ չգտնվեն, և նրանք ԲՈՒՀ-երի տարածքներում, դրանցից խաղաղ կերպով մուտք ու ելք կատարելիս տեղաշարժվելու ազատությունից չզրկվեն, ապօրինի ֆիզիկական ուժի գործադրումների չենթարկվեն և խաղաղ կերպով կարողանան անցկացնել իրենց դասադուլներն ու հավաքները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930