Էլեկտրոնային առողջապահության ծրագիրն արդեն գլխացավանք է ստեղծում բուժհիմնարկների համար: Այս ծրագիրը հիմա գործարկվում է որպես պիլոտային, այն ամբողջությամբ գործելու է եկող տարվանից: Հիմա պիլոտայինի այս շրջանում որոշ բուժհիմնարկներ իրենց «պացիենտների» տվյալները ներմուծում են ընդհանուր էլեկտրոնային համակարգ, որը գործարկում են մրցույթում հաղթած 2 ընկերությունները: Շվեյցարական «Sylex SARL» եւ հայկական «Մեյսիս Ապահով» ընկերությունները նշված գործառույթը կոնցեսիոն պայմանագրով իրականացնում են որպես համատեղ գործունեություն իրականացնող մեկ ձեռնարկություն:
Aravot.am-ին դիմած որոշ բուժհիմնարկների ղեկավարներ դժգոհում են, որ էլեկտրոնային առողջապահությունն իրենցից հավելյալ ծախսեր է պահանջում. «Օրինակ՝ որեւէ տվյալ մուտքագրելիս որոշակի գումար է գանձվում: Յուրաքանչյուր «պացիենտի» տվյալները մուտքագրելիս գումար է գանձվում, կամ մուտքագրելիս, հետո տվյալները փոփոխելիս, հանելիս, կրկին գումար է գանձվում: Ու բազմաթիվ անգամ նման գործ անելիս մոտ 1900 դրամ գումար է գանձվում բուժկենտրոնից: Դե պատկերացրեք ինչքան հիվանդ կունենանք ու ինչքան ծախս պիտի անի բուժկենտրոնը: Եվ սա այն դեպքում, երբ առողջապահության ոլորտի ծախսերը բյուջեով կրճատում են»:
Բացի այս, բուժկենտրոնի ղեկավարները նաեւ ասացին, որ կամ պետք է լրացուցիչ հաստիքներ բացեն, նոր աշխատողներ ընդունեն, որպեսզի առավոտից երեկո այդ գործով զբաղվեն, կամ այդ գործառույթը բարդեն բուժքրոջ, բժշկի կամ մեկ այլ աշխատակցի վրա. «Ի վիճակի չենք նոր աշխատողներ ընդունելու, ուրեմն այդ գործը պետք է անի բուժքույրը, որի համար սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է: Բուժքրոջ գործն այլ բնույթի է: Ընդ որում, բոլորն էլ ծանրաբեռնված աշխատում են, պարապ նստած աշխատող չկա, որ այդ հանձնարարությունն անի: Կարճ ասած՝ այս էլեկտրոնային առողջապահությունը ներդնելիս, պետք է հաշվի առնեին խնդիրները: Եվ ինչո՞ւ պետք է բուժհիմնարկն այդ ծախսերն անի, եթե սա առողջապահության նախարարության նորամուծությունն է, թող իրենք էլ այդ ծախսերը փակեն»:
Այս առնչությամբ էլեկտրոնային առողջապահության համակարգը գործարկող ընկերությունից Aravot.am-ին վստահեցրին, որ գանձումը կատարվում է համակարգի պահպանման, գործարկման եւ ամեն նոր օգտատիրոջ սպասարկման համար. «Որքան շատ օգտատեր, այնքան համակարգի ծանրաբեռնվածությունը շատ է, ուստի մեր խնդիրն է ապահովել տեխնիկական անխափան համակարգը»:
Ինչ վերաբերում է մեկ օգտատիրոջ համար 1900 դրամ գանձումներին, ապա ընկերությունից վստահեցրին, որ նման սակագին չկա եւ բուժհիմնարկները ստացել են սակագների ցանկը, որը կարող են հրապարակել:
Մինչդեռ մեզ դիմած բժիշկներն էլ ընկերության պարզաբանումից հետո հակառակը պնդեցին՝ «Մենք սակագների ցանկ չենք ստացել: Եվ կրկին պնդում ենք՝ մեկ անձի համար մի քանի տվյալներ մուտքագրելիս 1900 դրամ է գանձվում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ոչ թե գլխացավանք է,այլ իսկական պատիժ. Ինչու փոխվեց նախկինում շատ լավ, պարզ ու մատչելի աշխատող Միդասն ու Հոսպը. մնաց անհայտ.Այդ ծրագիրը ստեղծել էին հայերը, առանց շվեյցարացիների ու ներկայիս նախարարի.Հասկացանք նախարարը եկել է ողջ համակարգը քանդելու, բայց խելացի մարդիկ արդեն լավ աշխատով, ճիշտ կանոնակարգված ծրագրերը պահպանում են և ոչ ամպագորգոռ հայտարարություններ անում ֆինանսները խնայելու մասին ու ավելորդ ծախսեր անում ,,սեփական շահագրգռվածության համար,,.