Վանաձորի ավագանին, ըստ էության, պետք է լուծարվի: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով դատարանի այսօրվա որոշումը, որով քաղաքի ավագանու նիստերն ու որոշումները ճանաչվել են ապօրինի՝ հակասահմանադրական:
Մարուքյանի խոսքով՝ լուծարումը ենթադրում է, որ Վանաձորում տեղի կունենան արտահերթ ՏԻՄ ընտրություններ. «Մանդատագողությամբ ընտրված փոքրամասնության քաղաքապետը հրաժարական կտա, ավագանին էլ նորից կփորձի քաղաքապետ ընտրել: Այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում, որովհետեւ այդ ավագանին մեկ տարի է՝ չի գործել օրենքին համաձայն: Կամ կառավարությունը պետք է լուծարի Վանաձորի ավագանին, կամ այն պետք է ինքնալուծարվի»:
Մարուքյանի բնորոշմամբ՝ ՍԴ-ի որոշումն ուղերձ է «մանդատագողությամբ ձեւավորված փոքրամասնությանը», որ նրանք այլեւս չպետք է ապօրինի նիստեր գումարեն. «Սա նաեւ քաղաքական ուղերձ է քաղաքական մեծամասնությանը՝ զոռբայությամբ ժողովրդավարություն չեն կայացնում: Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում քաղաքական մեծամասնությունը զարմացավ, որ ընդդիմադիրները թեկնածուներ չունեն…Որովհետեւ թեկնածուներն ասում են՝ «թեկնածություն ենք դնում, հաղթում, բայց մեզանից մանդատ են գողանում»…Քաղաքական մեծամասնության կարծիքով՝ ինքն ինչ ուզի, կարող է անել…Վանաձորում նիստեր են գումարել, որոշումներ կայացրել, ասենք՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան նորոգելու համար 999 հազար դրամ հատկացրել»:
Պատգամավորը նաեւ համոզմունք հայտնեց, որ եթե ավագանին, չնայած ՍԴ որոշմանը, չլուծարվի, նոր քաղաքական ճգնաժամ է սկսվելու:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ