«Մենք հիմա խոսում ենք թռիչքային գնաճի մասին,կա թանկացում, որը հիմնավորված է: Առանց թանկացման չկա որևէ երկիր, խոսքը գնում է զարգացած երկրների մասին, բայց տարբերությունը այն է, որ այդ երկրներում թանկացումների հետ զուգահեռ աճում են աշխատավարձերը, թոշակները, և արդյունքում քաղաքացիներին այդքան չի անհանգստացնում թանկացումների հարցը: Իսկ մեզ մոտ թանկացումները լինում են պարբերաբար, սակայն դրանց զուգահեռ աշխատավարձերի, թոշակների բարձրացում չկա, սա է սարսափելին »,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը թանկացում երևույթը որակեց որպես թալան Կենտրոնական բանկի և կառավարության կողմից. «Ինչ վերաբերվում է այս թանկացումներին, կասեմ, որ սա ուղղակի խայտառակություն է, միարժեք հանցագործություն՝ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից»:
Լրագրողների հարցին, թե ինչպես կբացատրեք հետևյալը, երբ վերջերս Կենտրոնական բանկի նախագահը այս թանկացումները գնահատեց մեկ ու յոթ տոկոս, ինչը իր ասելով՝ նորմալ ցուցանիշ է, համեմատելով տարածաշրջանի մյուս պետությունների հետ, պարոն Սադոյանը պատասխանեց . «Այս թանկացումները, որ հիմա տեսնում ենք, չեն տեղավորվում այդ մեկ ու յոթ տոկոսի մեջ: Օրինակ`կարագի գինը բարձրացել է երկու անգամ, սա արդեն ապացույցն է այն բանի, որ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները չեն համապատասխանում ներկայիս տվյալներին: Ամենախայտառակը պետության տեսակետից այն է, որ թանկացումների ժամանակ ավելացված արժեքի հարկի քսան տոկոսը պետության բյուջեին է գնում: Արդյունքում ստացվում է, որ թանկացումները ձեռնտու են պետությանը»:
Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ