Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը նոյեմբերի 8-ին մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինքն այդ պահին զբաղված է, գյուղի միջնակարգ դպրոցի շենքի առաջ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ արագ աճող բարդիներ են տնկում, որպեսզի դպրոցի շենքը պաշտպանվի ադրբեջանական գնդակոծություններից: Արագ աճող բարդիները տնկվում են 3 շերտով: Նախկինում Վազաշենի դպրոցի պատուհանները ձեւափոխել էին, նեղացրել, որպեսզի դպրոցում սովորող երեխաներն ադրբեջանական զինուժի գնդակոծություններից պաշտպանված լինեն: Դպրոցի շենքի պատերին առկա են ադրբեջանական գնդակոծության հետքերը:
Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները համացանցում բարձրացրել են Հայաստան -Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս սահմանամերձ հատվածն արագ աճող բարդիներով պատելու խնդիրը, սակայն դա չի արվում: Ոսկեպար-Բաղանիս սահմանագոտին շրջանցող, լեռնային, ոլորապտույտ ճանապարհը մեծ բեռնատարները ձմռանը չեն կարողանում հաղթահարել, այդ ժամանակ միակ ուղին մնում է ադրբեջանական հենակետերի դիմաց ձգվող, հիմնական ավտոճանապարհը:
2017թ. մարտի 18-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը կայացած հանդիպմանը, որին ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանին հարց տվեցինք Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի անվտանգության ապահովման միջոցառումների, այդ թվում՝ այդ ճանապարհին արագ աճող բարդիներ տնկելու անհրաժեշտության մասին:
Վարչապետն ի պատասխան՝ ասաց, որ ինքն էլ է կարեւորում առաջադրված խնդիրը, այդ հարցերը ինքը քննարկել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ, որպեսզի համապատասխան լուծումներ գտնեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ