ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակված որոշմամբ բավարարեց ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների 26 պատգամավորների դիմումը, որով վերջիններս պահանջում էին անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով Վանաձորի ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն եւ չունենալով քվորում, նախորդ տարվա հոկտեմբերից՝ ՏԻՄ ընտրություններից առ այսօր, նիստեր են անցկացնում եւ որոշումներ կայացնում՝ այն դեպքում, երբ ավագանու «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ խմբակցությունները բոյկոտել են նիստերը:
Սահմանադրական դատարանի որոշումը ենթադրում է, որ Վանաձորի ավագանու նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս կայացրած որոշումները, այդ թվում՝ Վանաձոր քաղաքի բյուջեի ծրագիրը, նաեւ՝ ավագանու նիստերը հակասահմանադրական են, այսինքն՝ ապօրինի։
ՍԴ-ն իր որոշմամբ նաեւ ԱԺ-ին ժամանակ տվեց՝ մինչեւ հաջորդ տարվա մարտը ՀՀ Սահմանադրության հանդեպ օրենքի հակասության փաստը շտկելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ