Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի օպերային ազգային թատրոնում Տիգրան Լեւոնյանի բեմադրություններից՝ «Պողիկտոս»-ը երկար դադարից հետո ցուցադրվեց հանդիսատեսին:
Ներկայացումը վերականգնել էր ռեժիսոր Ժաննա Թամիզյանը, որի աշխատանքը մշակույթի նախարարությունը բարձր գնահատեց՝ պարգեւատրելով ոսկե մեդալով:
Aravot.am-ի հետ զրույցում Ժաննա Թամիզյանն ասաց, թե քանի որ Տիգրան Լեւոնյանի հետ աշխատել է այս ներկայացման վրա տարիներ շարունակ, վերականգնելիս աշխատել է այնպես անել, որ պահպանվի նախնական տարբերակը, որպեսզի ոչ մի նորամուծություններ եւ շեղումներ չլինեն. «Ճիշտ է մեծ դժվարությամբ եւ ջանքերով կատարվեց աշխատանքը, բայց համոզված էի, որ կարող եմ վերականգնել այն: Հուսով եմ, որ պետք է իր բարձր գնահատականին արժանանա ներկայացումը նաեւ հանդիսատեսի կողմից»:
Նշենք, որ գլխավոր դերակատարներն էին ՀՀ վաստակավոր արտիստներ Սարգիս Աղամալյանը՝ Պողիկտոսի դերակատարմամբ, Անահիտ Մխիթարյանը՝ Պաոլինայի, Առնոլդ Քոչարյանը՝ Սեւերոսի, ինչպես նաեւ՝ Հայկ Տիգրանյանը Կալիստեի դերով, Տիգրան Կոնինյանը՝ Նեարկոյի, Արմեն Զաքյանը՝ Ֆելիչեյի, Քրիստոնյայի դերով՝ Սարգիս Արզումանյանը:
Անահիտ Մխիթարյանը, որը նույն կերպարով խաղացել է նաեւ առաջին բեմադրության ժամանակ, շատ ուրախ է սիրելի ներկայացման վերադարձով. «Քանի որ սա ե՛ւ գեղեցիկ ներկայացում է, ե՛ւ Տիգրան Լեւոնյանի բեմադրությունը, ե՛ւ Դոնիցետտիի գոհարներից մեկը եւ մեր թատրոնը առանց Դոնիցետտիի ես չէի պատկերացնում»,-մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:
Տարիների դադարը, երգչուհու խոսքերով, դրական է անդրադարձել կերպարի վրա. «Ես փոփոխությունը զգում եմ, հիմա ավելի հասուն է կերպարս: Գուցե եւ այն ժամանակ մի քիչ այլ կերպ եմ երգել, հիմա երգեցողական խորը ավելի զգացողական բաներ կան, որը առաջացան փորձերի ժամանակ: Թեման արդիական եւ ես ուրախ եմ, որ այն կրկին մեր բեմում է եւ նորից՝ խաղացանկում»:
Անահիտ Մխիթարյանի խաղընկեր՝ Պողիկտոսի դերակատար Սարգիս Աղամալյանն էլ ասաց, որ նման երաժշտություն, որ այս ներկայացումն ունի, ցանկացած օպերային թատրոն կերազի ունենալ, քանի որ իսկապես շատ սիրուն, նուրբ երաժշտական գծեր է պահպանել Դոնիցետտին, որը չկա գրեթե իր ոչ մի օպերայի մեջ. «Այս օպերան պետք է շատ ներկայանալի լինի մեզ համար տարբեր բեմերում, քանի որ քրիստոնեության հետ առնչվող պատմություն է եւ անմիջական կապ ունի մեր պատմության հետ»:
Սարգիս Աղամալյանը նշեց, որ փորձել է այս դերով, հնարավորինս չխանգարել բեմում կատարվող այն բոլոր գործընթացներին, որ եղել են դեռ Տիգրան Լեւոնյանի ժամանակ, ստեղծել նաեւ իրենը՝ որպես ստեղծագործ արտիստ. «Այդ ամենի հետ մեկտեղ պատասխանատվությանս զգացումն է մեծ, քանի որ իմ խաղընկերներս էլ երկար տարիներ եղել են մեր թատրոնի առաջատար արտիստներ, մեծ պատասխանատվությունս է նաեւ իմ խաղընկերուհու՝ Անահիտ Մխիթարյանի հետ երգելը, նրանից փորձառություն վերցնելը»:
Նշենք նաեւ, որ «Պողիկտոս» օպերայի պարերի բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանինն էր, նկարիչը՝ Եվգենի Սաֆրոնովը, վերականգնող նկարիչը Ավետիս Բարսեղյանը, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը, գլխավոր խմբավարը՝ Կարեն Սարգսյանը:
Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսական մահվան պատմությունը: Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայի իտալերեն լիբրետոյի հեղինակն է Սալվատորե Կամմարանոն, գրված՝ Պիեռ Կոռնելիի «Պողիկտոս» ողբերգության հիման վրա՝ 1641-1642: Օպերան ստեղծվել է 1838 թվականին Նեապոլի Սան-Կարլո թատրոնի համար, սակայն, բեմադրությունը վերջին պահին արգելվել է կրոնական բովանդակության պատճառով: 1840 թվականին Դոնիցետտին վերամշակել է օպերան ֆրանսիական բեմի համար: «Մարտիրոսներ» անվանումով այն բեմադրվել է 1840 թվականի ապրիլի 10-ին:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ