Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով, կրթության բյուջեն մեկ միլիարդով է կրճատվելու, մինչդեռ դպրոցներում ցերեկային ժամերին պահակությունը կրճատելով՝ բյուջեն 3 միլիարդ դրամ կխնայի: Այսօր «Բլիցինֆո» մամուլի ակումբում անդրադառնալով կրթության ոլորտի ֆինանսավորման կրճատմանը՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ ոլորտում ուռճացված ծախսեր շատ կան, եւ կառավարությունը օպտիմալացման գնալով է այդ ծախսերը կրճատում:
Պարոն Մակարյանի խոսքով, կրթության բնագավառում բարեփոխումներն ավելի շատ տեղի են ունենում դոնորների միջոցներով, այլ ոչ թե բյուջեի: Այսինքն` ըստ տնտեսագետի, այն ծախսերը, որոնք կառավարությունը խնայելու է, ավելի շատ վարչական են: Ըստ նրա, բուհերում ռեկտորի ճոխ-ճոխ աշխատասենյակները, մի քանի գործավար-քարտուղարուհիները, օգնականներն ու այլ հաստիքներ թանկ են նստում ծնողների վրա եւ ուսման վարձի մեջ այդ գումարներն էլ են ներառվում. «Հաճախ ընտանիքները ինչո՞ւ են սխալ մասնագիտություն ընտրում իրենց երեխաների համար, գումար չունի, որ երեխային տա իր ուզած ֆակուլտետում սովորելու, եւ տալիս է այն ֆակուլտետը, որը որ էժան է»:
Մանրամասները` տեսանյութում
Պարոն Մակարյանի խոսքով, տարիներ շարունակ բարեփոխումների արդյունքում շատ քիչ տեղաշարժեր են եղել կրթական համակարգում, մասնավորապես դպրոցներում, քոլեջ-ուսումնարաններում. «Այս տեղերում աշխատակազմը կրճատվում է: Մարզպետների եւ մարզպետարանների ազդեցության, ճնշումների պատճառով համայնքներում գործող ապարատներն ուռճացված են, հատկապես դպրոցներում ավելորդ հաստիքներ, կոռուպցիոն ռիսկեր` մանկավարժներ, տնօրեններ նշանակելու, բավական առկա են այնտեղ»:
Պարոն Մակարյանը հաշվարկել է ու պարզել, որ այսօր եղած 93 հազար ուսանողից 200 միլիոն դոլար է մտնում կրթական ոլորտ, բայց այդ մասնագիտությունների 80 տոկոսն աշխատաշուկային պետք չեն: Նրա համոզմամբ, մեր երկրում կրթությունը չի խթանում երիտասարդների զբաղվածությանը, այդ պատճառով էլ նրանք այլ երկրներ են մեկնում աշխատելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ