ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր քննում է ԱԺ «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների 26 պատգամավորների հայցը, որով վերջիններս պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով Վանաձորի ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նախորդ տարվա հոկտեմբերից՝ ՏԻՄ ընտրություններից առ այսօր, նիստեր են անցկացնում եւ որոշումներ կայացնում այն դեպքում, երբ ավագանու «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ խմբակցությունները բոյկոտել են նիստերը:
«Կցանկանայի, որ այս անգամ Սահմանադրական դատարանը զերծ մնար քաղաքական որոշում կայացնելուց եւ կայացներ իրավական որոշում: Դա մեր պետությանը եւ ժողովրդին զարգանալու հնարավորություն կտա»,-ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք արտահայտեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն իրավական որոշում կայացնի, կչեղարկվեն Վանաձորի ավագանու մինչ օրս կայացրած որոշումները. «Դրանից հետո միայն պետք է հասկանալ՝ Մամիկոն Ասլանյանն ունի՞ մեծամասնություն…իսկ նա չունի մեծամասնություն, ուստի հնարավոր է այնպիսի լուծում, որ գնանք նոր ՏԻՄ ընտրությունների»:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշումը կհրապարակի այսօր:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ