ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր քննում է ԱԺ «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների 26 պատգամավորների հայցը, որով վերջիններս պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են անցկացնում եւ որոշումներ կայացնում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ խմբակցությունները չեն մասնակցում նիստերի, մինչդեռ գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ավագանու նիստեր է գումարում: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ փոքր-ինչ ուշ:
«Ավագանու որոշումներն ընդունվել են առանց սահմանադրական իրավազորության: Այսպիսով, առաջին անգամ վիճարկվում են ՏԻ մարմնի ընդունած նորմատիվ ակտերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ առանց քվորումի նիստ չի կարող գումարվել. «Եթե գումարվել է, եւ ձեւական ակտ ընդունվել, ապա այն անվավեր է»:
Արձագանքելով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի այն պնդմանը, որ ինքը օրենք չի խախտում, եւ օրենքը տալիս է հնարավորություն նիստեր անցկացնելու, Արտակ Զեյնալյանը նշեց. «Դա իրենց սուբյեկտիվ տեսակետն է: Վեճը սահմանադրաիրավական է՝ օրենքի՝ Սահմանադրությանը չհամապատասխանելու խնդիր»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ