Նոյեմբերի 8-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ մտնող գազատարին մի ավտոմեքենա հարվածել է, որի հետեւանքով Ոսկեպար գետի վրա ձգվող կամրջի մոտ շուրջ 70 մ երկարությամբ գազի խողովակ շարքից դուրս է եկել:
Որոշ տեղեկությունների համաձայն, գազատարին հարվածած ավտոմեքենայի վարորդն այդ պահին ղեկին քնած է եղել: Վնասված գազատարը չի պայթել, որովհետեւ խողովակում բնական գազ չկա:
Մոտ երկու տարի է, ինչ սահմանամերձ Ոսկեպար գազի խողովակաշար է անցկացվել, սակայն գյուղացիները գազատարից իրենց տներ խողովակներ միացնելու ծառայության համար վճարելու փող չունեն: Ոսկեպարում բնական գազի ոչ մի բաժանորդ չկա: Խորհրդային տարիներին ոսկեպարցիները օգտվում էին բնական գազից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ