«Արցախում չեն զարմանում, երբ Իլհամ Ալիեւը նստում է Սերժ Սարգսյանի դիմաց, նայում աչքերին, խոսում հրադադարի մասին, բայց երկու օր հետո կրկին զոհեր ենք ունենում»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: Արցախում դատապարտում են Ալիեւի այդ դիրքորոշումը:
Հիշեցնենք, արցախցի պատգամավորները Հայաստանում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում:
Տիկին Մխիթարյանին չի գոհացնում, պաշտոնական Ստեփանակերտը դուրս է մնացել Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացից. «Ընդունելի չէ, որ Արցախի քաղաքական խնդրի լուծումը իրականացվում է առանց Արցախի մասնակցության: Արցախցիների համար թիվ մեկ հիմնախնդիրն այն է, որպեսզի Արցախի խնդրի լուծման ձեւաչափում վերականգնվեն Արցախի իրավունքները եւ մենք եւս կարողանանք մասնակից լինել մեր ճակատագրի լուծմանը: Մենք չենք կասկածում, որ հայկական պատվիրակությունները`խորհրդարանական դիվանագիտության մակարդակում, իրոք պաշտպանում են Արցախի խաղաղ կարգավորման հարցը, սակայն, փորձել լուծել մի ժողովրդի խնդիր, որին մասնակից չեն, սա նորմալ երեւույթ չէ»:
Հարցին`ինչպե՞ս կարող է Արցախը կրկին վերադառնալ բանակցությունների սեղանին եւ դիտարկմանը, որ իր գործընկերներից մեկը նկատել էր, թե դա հնարավոր է միայն պատերազմի ճանապարհով, տիկին Մխիթարյանն ասաց, որ արցախցիները միշտ էլ պատրաստ են պատերազմի: Այդ ընկալումն ունեն 1988-ից, երբ իրենց խաղաղ պահանջներին մատուցվեց սումգայիթյան ոճրագործությունը: «Նաեւ ակնհայտ է`Ադրբեջանը քաղաքական լուծումների չի գնում: Նա չունի այն կեցվածքը, որ կարող է քաղաքական լուծումներ առաջարկել: Այս պատճառով, գուցե ինչ-որ մի տեղ ճշմարի՞տ է այդ քաղաքական գործիչը, որ մեր`բանակցություններին վերադառնալու միակ տարբերակը պատերազմն է: Բայց ես կարծում եմ, որ գոյություն ունի քաղաքական մշակույթ, որին պետք է հետեւի եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը: Կարծում եմ, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում պետք է հասնել նրան, որ Արցախն այս ձեւաչափում ունենա իր դերակատարությունը»:
Aravot.am-ի հարցին`իր կարծիքով հայկական կողմերը բավարար ջանքեր գործադրո՞ւմ են, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Արզիկ Մխիթարյանը պատասխանեց. «Արցախի խորհրդարանը չունի այդ գործիքները, որ միջազգային հարթակներում կարողանա իր իրավունքները պաշտպանել: Մեր միակ խողովակը ՀՀ խորհրդարանի պատվիրակություններն են, որոնք մեր դատը պաշտպանում են եվրոպաներում: Կարծում եմ, նրանք պետք է ջանքեր գործադրեն»: Բավարա՞ր են մինչ այժմ գործադրված ջանքերը, թե`ոչ, տիկին Մխիթարյանը չմանրամասնեց:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ