Նոյեմբերի 9-ին, ԵՊՀ-ում հրավիրվել էր ռեկտորատի նիստ, որտեղ քննարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զարգացումները, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունվել էր հայտարարություն: Նաեւ հնչել էր դասադուլը դադարեցնելու հորդոր:
ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին` ճի՞շտ է, որ հայտարարությանը դեմ է քվեարկել, ասաց, որ անձամբ ինքը ձեռնպահ է եղել պարզ պատճառով. «Ասել եմ, որ երբ տեքստը ընդունվի, այն ժամանակ էլ կասեմ»: Նաեւ հավելեց, որ իր փաստարկներն արդեն բերել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ու չցանկացավ կրկին մանրամասնել:
Քանի որ ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Ազատությանն» ասել էր, որ իր տեղեկություններով դասախոսներ կան, որոնք ուսանողներին կոչ են անում չգալ դասի, պարոն Դումանյանին այդ մասին էլ հարցրինք:
«Չգիտեմ ով ինչ կոչ է արել, բայց մեր ֆակուլտետում նման դասախոս չկա… Ես տեղյակ չեմ, որ որեւէ մեկը կոչ անի, թե դասի չգանք: Բոլորն ամեն օր գալիս են աշխատանքի, որ դաս անեն, հիմա, որ ուսանող չկա, ի՞նչ անենք»,- ասաց ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը:
Հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում դասադուլին` որպես պայքարի եղանակի: «Ես կողմ եմ այն եղանակին, ինչ ես եմ անում, եւ չեմ ուզում ուրիշներին խորհուրդներ տալ: Կարծում եմ` ուսանողները չափահաս մարդիկ են եւ միգուցե ինչ-որ տեղ ավելի ռեալիստ են, իրենք պետք է որոշեն, թե ինչ ձեւով պայքարեն: Օրինական ցանկացած ձեւ, կարծում եմ, ընդունելի է»,-ասաց պարոն Դումանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` armtimes.com-ի