Զինվորական ծառայությունից օրենքով խուսափելու հիմնական ճանապարհը անցնում է բուհովՙ բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա ճանապարհով: Տարկետման պարբերական երկարաձգման շնորհիվ, այս ճանապարհով երիտասարդը «բարեհաջող» հասնում է ոչ զորակոչային 27 տարեկան հասակին եւ նույնքան «բարեհաջող» էլ ազատվում զինծառայությունից: Սա ոչ հայտնություն է, ոչ էլ գաղտնիք: Ընդ որում, սրանից տուժում է բանակը, որը չի ստանում տարեկան մոտ 600-700 զինվոր, որն ամենեւին էլ փոքր թիվ չէՙ մեկ ամբողջական զորամաս դրանով կարող է կազմավորվել, տուժում է նաեւ գիտությունը, քանի որ իսկապես գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների փոխարեն հիմնականում ասպիրանտուրա խցկվում են բանակից խուսափողները, եւ վերջապես տուժում է արդարությունը, քանի որ նույն կուրսից մի ուսանող գնում է ծառայության, մյուսըՙ ոչ, այն դեպքում, երբ երկուսն էլ նույն պարտավորությունն ունեն պաշտպանելու սեփական երկիրը, տունն ու ընտանիքը: Հետեւաբար, որեւէ առողջ տրամաբանություն գտնել այս անարդարության վերացման եւ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողների մոտեցման մեջՙ անհնար է: Այդ բողոքի միակ տրամաբանությունը հետեւյալն էՙ թողեք պահպանվի այս անարդարությունը եւ մի պարտադրեք մեզ մյուսների նման գնալ բանակ: Ակնհայտ է, որ դա անընդունելի մոտեցում է, իսկ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը սպասված եւ անգամ ուշացած է: Սկսած 1997-ից Հայաստանի իշխանությունները պարբերաբար փորձել են կատարել այդ քայլը, բայց չեն կարողացել քաղաքական կամք ցուցաբերել եւ տեղի են տվել ամբոխային ու դրա միջոցով քաղաքական դիվիդենտներ շահող քաղաքական ուժերի եւ անձերի ճնշմանը:
Մյուս կողմից, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, գործում է կեղծիքն իրականության տեղ անցկացնելու գործելաոճը: «Տարկետում լինելուԱ» մայդանական լոզունգը սովորական ապատեղեկատվություն է, քանի որ տարկետում իսկապես լինելու է, պարզապես դրա ձեւն է փոխվում եւ շաղկապվում բանակային ծառայության հետ: Եթե ցանկանում ես առանց ընդհատման բարձրագույն կրթություն ստանալ, ապա կարող ես բուհում սովորելուն զուգահեռ շաբաթական մեկ օր ստանալ նաեւ ռազմական կրթություն եւ բուհն ավարտելուց հետո ծառայել որպես սպաՙ երեք տարովՙ մարտական դիրքեր-զորամաս-տուն սխեմայով: Այդ դեպքում ոչ միայն տարկետում ես ստանում, այլեւ անվճար ուսուցում, իսկ ծառայելուն զուգահեռՙ աշխատավարձ, ավարտելուց հետո էլՙ որոշակի միանվագ գումար: Ուրեմն ի՞նչն է խանգարում այս ձեւով տարկետմանը եւ կրթություն ստանալուն կամ, ինչպես ասում ենՙ «գիտությամբ զբաղվելուն»: Պատասխանը պարզ էՙ այդ դեպքում, այնուամենայնիվ, ծառայելու ես բանակում, ավելինՙ մարտական դիրքերում, իսկ դա նույնը չի, ինչ Երեւանում «խրոխտ» կեցվածքով ցույց անելն ու «իրավունքներ» պահանջելը: Բոլոր պարագաներում, տարկետումից չօգտվելու դեպքում, առաջին կուրսն ավարտելուց հետո երկու տարի ծառայելու եւ ուսման վերադառնալու տարբերակը շարունակելու է գործել: Այն եղել եւ առանց որեւէ լուրջ խնդիրների գործել է տասնամյակներՙ դեռ խորհրդային տարիներից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում