«Այսօր կարևոր օր է մեզ համար: Երեկ շատերի կարծիքով՝ մենք հայտնվեցինք փակուղիում: Նման բան չկա, հակառակը, մենք մարդկանց դիրքորոշումների հետ կապված այժմ գիտենք՝ ոնց են մտածում ու նաև գիտենք՝ ինչ պիտի անենք»,- դասադուլի ընթացքում հայտարարեց Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Նա դասադուլի դուրս եկած ուսանողներին վստահեցրեց՝ հիմա հասկացել են, որ ընդհանուր եզրեր չկարողացանք գտնել: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Դավիթ Պետրոսյանն ուսանողներին վստահեցրեց. «Մենք կոնկրետ գիտենք՝ ինչի վրա պիտի աշխատենք: Այսօր ԱԺ-ում շատ կարևոր քննարկում է, մենք մեր մասնակցությունն անպայման պիտի ունենանք: Փորձը ցույց է տալիս, որ դա տեղի է ունենում, երբ կազմակերպված գնում ենք ու ասում, որ ուզում ենք մասնակցել: Դրա համար պետք է 17.00-ին լինենք ԱԺ-ի դիմաց: Ձեր ընկերներին ևս ասեք, որ գան»:
Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ ունենք չորս ժամ ժամանակ ինքնակազմակերպվելու համար: Այնուհետև տեղեկացրեց, որ ԱԺ-ի շենքի մոտ իրենց են միանալու նաև Եվրոպական, Սլավոնական և Ամերիկյան համալսարանների ուսանողները: Իսկ մինչ այդ Դավիթ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ դասադուլի մասնակիցները 15.30-ին կլինեն Թատերական ինստիտուտի շենքի մոտ: Իր տվյալներով՝ այնտեղից իրենց միանալու է 80 հոգի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ