Մենք եւս մեկ անգամ օրինագիծը ընթերցեցինք. տարկետումը՝ այն իմաստով, որը գիտեինք, վերանում է։ Վիգեն Սարգսյանն ասում է, որ տարկետումը չի վերացվում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարեւորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո՝ նաեւ մագիստրատուրայում։
Ասել է, նորմալ է, բայց ուսանողի կարգավիճակը փոխվում է, նա սովորելուց հետո 3 տարի պիտի ծառայի որպես սպա։ Պարզ ասեք, ժողովուրդ ջան, տարկետումը վերանում է, իսկ նրանք, ովքեր ցանկանում են բուհում շարունակել ուսումը, պետք է մեզ հետ պայմանագիր կնքեն՝ այս ու այս պայմաններով։ Տարկետում՝ նշանակում է թույլ տալ ուսանողին ուսումը բուհում ավարտել, հետո՝ անցնել ծառայության նույն պայմաններով, ինչ պայմաններով բուհ չընդունվածները, օրինակ։ Կամ էլ՝ տարկետման վրա գին եք դրել, այն արժե լրացուցիչ մեկ տարի ծառայություն։
Օրինագծի մյուս պատճառներից մեկը, որը, հասկանալի է, չի ասվում, արտագաղթն է ու զորակոչիկների պակասը։ Քանի գնա այս միտումը խորանալու է։
Արտագաղթում են նաեւ պոտենցիալ զինվորները, բանակը համարժեք համալրում չի ստանում, ստիպված են այդ բացը լրացնել մի քանի հարյուր ուսանողների հաշվին։ Լավ, մի տարի էլ այսպես լրացրին։ Բա հետո՞, արտագաղթը չի վերանում, այս օրենքի ընդունումից հետո շատ ծնողներ հիմիկվանից մտածելու են իրենց զավակների հետ միասին հնարավորինս շուտ Հայաստանից հեռանալու մասին։ Բայց հեռանալու իրական պատճառը ծառայությունից խուսափելը չի, այլ երկրում հեռանկար չտեսնելը։ Քաղաքական դաշտը ճահիճ է, տնտեսական դաշտը՝ ճահիճ է, մարդիկ այստեղ բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով ապրելու հեռանկարներ չեն տեսնում, հեռանում են։
Այս օրինագիծը իր մեջ դրական, ռացիոնալ բաներ ունի։ Չենք կարող ասել վատն է։ Ծառայությունը խրախուսելու փորձ է արվել, ինչպես՝ Իսրայելում։ Բայց եթե այս օրինագծին զուգահեռ երկրում քաղաքական, տնտեսական, հասարակական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումներ չիրականացվեն, օրինագիծը ոչ մի էֆեկտ չի ունենալու։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում