Դասադուլի դուրս եկած ԵՊՀ ուսանողներն այս պահին գտնվում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտ: Մինչ այդ նրանք գտնվում էին Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի մոտ: Այսօր մասնակիցների թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրերին: Թեև մասնակիցները հայտարարություններ են հնչեցնում, որ անձրևը չի կարող խանգարել իրենց:
Ինչպես արդեն տեղեկացրինք, մասնակիցները մուտք գործեցին ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, հանդիպում ունեցան դեկան Վահրամ Դումանյանի հետ: Նա դեմ է տարկետման իրավունքի վերացմանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Նա հավաստիացրեց. «Ուսանողների ազնիվ մղումները քաղաքական նպատակ չեն հետապնդում: Բայց երբ քաղաքական ուժը փորձում է նախաձեռնությունը քաղաքական գործընթացի վերածել, դա արդեն շահարկում է»:
Անդրադառնալով իր մասին հնչած մեղադրանքներին՝ պարոն Ղարիբյանն ասաց. «Եթե մարդիկ «Ելքի» ծնունդ են, ես համալսարանի ծնունդ եմ: Մտածում եմ, որ պիտի ծառայենք մեր ժողովրդին: Մեր երիտասարդներն ավելի մեծ ունակություններով են օժտված, և ուղղակի պետք է գտնել կոնսենսուս: Կարող են նախաձեռնության լիդերները ձևակերպել իրենց մտահոգությունները և ուղարկել գերատեսչություններին: Ես առաջարկում եմ չքաղաքականացնել այս նախաձեռնությունը»:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Վարուժան Գաբրիելյանը նշեց, որ իրենք՝ որպես դասախոսներ, կողմ են, որ ուսանողներն իրենց իրավունքներին տեր կանգնեն: Անդրադառնալով Զինապարտության մասին օրենքի նախագծին՝ պարոն Գաբրիելյանն ասաց. «Պետք է լայն հանրային քննարկում կազմակերպվեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որ բոլորի կարծիքը լսելի լիներ»:
Հիշեցնենք, որ դասադուլի մասնակից ուսանողները պահանջում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի չեղարկում՝ պնդելով, որ այն կխոչընդոտի գիտության զարգացմանը։ Բողոքի դուրս եկած ուսանողներն այսօր ժամը 18.00-ին կլինեն ԱԺ-ում, որտեղ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ժամը 18.00-ին քննարկվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ