Ի՞նչն է պատճառը, որ տնտեսական աճի տեմպերը հանկարծ սկսեցին դանդաղել։ Սկսենք նրանից, որ տնտեսական աճի համար առաջին հերթին լուրջ ներդրումներ են պետք, իսկ ներդրումների համար անհրաժեշտ է վստահություն ապագայի նկատմամբ, անհրաժեշտ է նորմալ մրցակցային միջավայր, եւ այլն։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ օգոստոս-սեպտեմբերին (որից հետո էլ տնտեսական աճի տեմպերը սկսեցին դանդաղել): Ճիշտ է, ՀՀԿ-ականներն ասես վերին հրամանով իրար հետեւից սկսեցին հայտարարել, թե անկախ ամեն ինչից՝ 2018 թվականի ապրիլից հետո էլ երկիրը շարունակելու է ղեկավարել Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ հենց այդ ժամանակ հստակեցվեց, որ Կարեն Կարապետյանն իր թիմով 2018 թվականից հետո էլ շարունակելու է գործել Սերժ Սարգսյանի ենթակայության տակ։
Արդյունքը տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկումն էր, եւ դա միանգամայն հասկանալի է. ո՞վ ներդրումներ կանի մի երկրում, որտեղ օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց Սերժ Սարգսյանի մերձավորներն ավելի հավասար են, ո՞վ բիզնեսներ կհիմնի մի երկրում, որտեղ շահույթ ստանալու քվոտաները նախագահականում են որոշվում, իսկ վճարելիք հարկերի չափը որոշվում է ոչ թե օրենքով, այլ ըստ նրա, թե ընտրությունների ժամանակ ով քանի հազար ձայն է կեդծել ՀՀԿ-ի օգտին (եւ այդ հանգամանքը հաշվի չառնելն ընկալվում է որպես ներիշխանական կայունությունը խարխլելու չարամիտ փորձ), եւ վերջապես՝ ո՞վ ներդրումներ կանի մի երկրում, որտեղից ամեն տարի բնակչության 1,5-2 տոկոսն արտագաղթում է «գաղջ մթնոլորտի» պատճառով, իսկ իշխանությունները դրա պատճառները հասկանալու փոխարեն հայտարարում են, որ «գաղջ մթնոլորտի» հիմնական պատասխանատուն հեռանալու մտադրություն չունի եւ դեռ երկար ժամանակ ղեկավարելու է երկիրը։ Հետաքրքիր է՝ հանրապետականները կապ չեն տեսնում իրենց այս հայտարարությունների եւ տնտեսության վիճակի միջեւ։
Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում